Ուկրաինայում խստացվել են Յանուկովիչի անվտանգության ապահովման միջոցները
Коммерсантъ-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում խստացվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգության ապահովման միջոցները: Այս մասին թերթին հայտնել է Պետական պահպանման վարչությունում նրա աղբյուրը.
«Ներկայումս ուժեղացված է նախագահի պահպանությունը: Դա մասնավորապես արտահայտվում է նրանով, որ ավելի ուշադիր են զննում այն մարդկանց, որոնք պետք է հանդիպեն նախագահին, հատկապես մանրակրկիտ վերահսկվում են փաստաթղթերը և ուժեղացվել է տարածքի ստուգումը»:
Գերատեսչությունը, ի թիվս այլ բաների, նախագահի մշտական կամ ժամանակավոր այցերի վայրերում հավաքվող քաղաքացիներին արգելել է իրենց հետ կրել բջջային հեռախոսներ, աուդիո և վիդեո ձայնագրող սարքեր: Համապատասխան հրամանը տրվել է այս տարվա հունվարի 30-ին, ինչը կապված է երկրում առկա իրավիճակի հետ:
«Ռեժիմային տարածքներ» մուտք գործող քաղաքացիներին արգելվել է նաև իրենց հետ կրել ճամպրուկներ ու պայուսակներ, ինչպես նաև այնպիսի իրեր, որոնք կարող են գործածվել դիվերսիաներ ու ահաբեկչությունների իրականացնելու համար: Արգելվել են նաև կասկածանք հարուցող առարկաները: