
Մարգվելաշվիլին Յագլանդին վստահեցրել է, որ անխախտ է Վրաստանի եվրոպական ուղղվածությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Թբիլիսի այցելած Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը երեկ քննարկել են Վրաստանի ու ԵԽ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Վրաստանում բարեփոխումների իրականացման հարցը, տեղական ինքնակառավարման ընտրությունների և տվյալ ուղղությամբ մշակված փոփոխությունների հարցերը:
Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել նոր Սահմանադրությանը, որը միտված է երկրի ժողովրդավարական զարգացման ապահովմանը: Մարգվելաշվիլին Յագլանդին վստահեցրել է, որ անխախտ է Վրաստանի եվրոպական ուղղվածությունը:
Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանն ամուր քայլերով շարունակում է ընթանալ դեպի Եվրոպա, ինչն անպայմանորեն կանդրադառնա քաղաքացիների բարեկեցության վրա: Ընդգծվել է, որ Վրաստանն արդեն 15 տարի է, ինչ հանդիսանում է ԵԽ-ի անդամ: