
Յանուկովիչն ԱՄՆ-ին վստահեցրել է, որ կողմ է երկխոսությանն ու բարեփոխումներին

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդին վստահեցրել է, որ պատրաստ է ընդդիմության հետ երկխոսությանը և հանդիսանում է սահմանադրական բարեփոխումների շուտափույթ իրականացման կողմնակից:
Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Յանուկովիչն այդ մասին հայտարարել է երեկ՝ Կիևում Նուլանդի հետ հանդիպման ժամանակ: Յանուկովիչը նաև ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղության բանակցությունների ու քաղաքական երկխոսության միջոցով:
Յանուկովիչի կարծիքով՝ միայն երկխոսության ու փոխզիջումների հաշվին հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ներկայիս քաղաքական ճգնաժամից: Նշվում է, որ Նուլանդը երեկ հանդիպել է նաև ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկին, Վիտալի Կլիչկոյին ու Օլեգ Տյագնիբոկին: