Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ԶԼՄ-ները տարածում են ՄՄ-ին վերաբերող իրականությանը չհամապատասխանող տեղեկություն

ՀՀ կառավարության այսօր շոշափվել է Մաքսային միության ու, մասնավորապես, մաքսատուրքերի թեման։ «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», – նշել է վարչապետը: – Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:

Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», – հավելել է վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս