Արմնյուզի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ (տեսանյութ)

Արմնյուզ- Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին 2013 թվականին, և դա համարվում էր համանախագահների դիվանագիտական հաջողություն: Այս պահին ո՞ր փուլում են գտնվում երկու բանակցող կողմերը, նրանք նորից պետք է վերսկսե՞ն բանակցությունները, թե՞ շարունակեն մինչև այդ եղածը:

– Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար, շատ հաճելի է զրուցել ձեզ հետ: Ինձ համար նաև հաճելի էր հանդիպումը հայաստանցիների հետ, ովքեր մասնակցել են այնպիսի ծրագրերի, որոնք կարող են վստահության ու ըմբռնման հիմքեր ձևավորել երկու ժողովուրդների միջև: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր ցանկանում են դեպի խաղաղություն առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Դա մեզ շատ է ուրախացնում, մենք շատ ենք ցանկանում, որ այս երկու ժողովուրդների միջև ծրագրերը շարունակվեն: Բայց Դուք ճիշտ եք: Երկար ընդմիջումից հետո երկու նախագահները նոյեմբերի 19-ին հանդիպեցին Վիեննայում և շատ կառուցողական զրույց ունեցան: Նրանք այդ հանդիպումից դուրս եկան վստահ, որ կարող են այնպիսի ձևաչափ գտնել, որ կհարգեն երկու կողմերի, այսպես ասած կարմիր գծերը և ճանապարհ կգտնեն դեպի խաղաղ կարգավորում: Իհարկե դա հեշտ չէ:

Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն էլ են տեղյակ, որ հեշտ չէ, ուստի մենք շարունակում ենք քննարկումները: Ես նոր եմ վերադարձել Բաքվից և այսօր էլ հանդիպելու եմ Հայաստանի նախագահի հետ, որպեսզի քննարկենք այդ բարդ հարցերը և առաջ շարժվելու նոր ձևեր գտնենք, քանի որ Ադրբեջանի ու
Հայաստանի ժողովուրդներն արժանի են տեսնել այս կոնֆլիկտի կարգավորումը և տևական խաղաղության հաստատումը:

Արմնյուզ– Ի՞նչ եք կարծում, բանակցությունները Մադրիդյան սկզբունքների՞, Կազանյան հանդիպմա՞ն հիման վրա են շարունակվելու, թե՞ ինչ-որ նոր էջից են սկսվելու:

Կարդացեք նաև

– Կարծում եմ մենք կենտրոնանում ենք ամենաբարդ ու կարևոր հարցերի վրա, և փորձում ենք գտնել, թե որտեղ ինչ համաձայնության եզրեր կան: Մենք դիտարկում ենք կողմերի տարաձայնությունները ու փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել դրանք: Պետք է բանակցային այնպիսի լուծում գտնել, որից երկու կողմերն էլ կկարողանան դուրս գալ և ասել, որ այդ լուծումը լավ է յուրաքանչյուրի համար: Սա բանակցություն է, որտեղ մենք չենք ուզում հաղթողներ կամ պարտվողներ ունենալ: Մենք քննարկում ենք այս հարցերը, աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, մեզ նաև աջակցում է Միացյալ Նահանգները` բոլոր միջոցներով, որոնք կօգնեն խաղաղ կարգավորմանը:

Արմնյուզ– Մի կողմից` կան դիվանագիտական ջանքեր, որպեսզի լուծվի այս խնդիրը, բայց մյուս կողմից` սահմանում զինադադար է: Եթե նայենք, կտեսնենք, որ 4-5 տարի առաջ միայն միջադեպեր էին տեղի ունենում, բայց այժմ երկու կողմերից էլ անընդհատ կրակոցներ են հնչում: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

– Զինադադարն, իհարկե, շատ փխրուն է: Լավ նորությունն այն է, որ նոյեմբերի 19-ի գագաթնաժողովից հետո մենք նկատեցինք, որ հայ ադրբեջանական սահմանում այդ միջադեպերի քանակը զգալիորեն կրճատվել է, և դա լավ ազդանշան էր: Վերջերս լարվածությունը կրկին ավելացել է: Այդ լարվածությունը կարող է չեզոքացնել խաղաղ կարգավորում գտնելու մեր փորձերը: Մինսկի խումբն ու ԱՄՆ-ը բոլոր
կողմերին կոչ են անում զերծ մնալ բռնություններից, հարգել զինադադարը: Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է խուսափենք ցանկացած տիպի սրումից, որը, ինչպես տեսնում ենք, կարող է վնասակար լինել՝ շփման գծում հանգեցնելով վիրավորների ու մարդկային կյանքերի կորստյան: Ոչ ոք չի ցանկանում դա:

Արմնյուզ– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի լսում կամ չի ցանկանում լսել ձեզ:

– Ի՞նչ առումով: Մենք ակտիվ համագործակցում ենք կողմերի հետ, ուզում ենք գտնել առաջ շարժվելու միջոցներ: Իհարկե, կողմերը պետք է քաղաքական կամք էլ դրսևորեն, որպեսզի այդ լուծումը գտնվի: Մենք կշարունակենք աշխատել ու փնտրել Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորմամբ լուծելու միջոցներ:

Արմնյուզ– Ըստ հայ փորձագետների, կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ժամանակ սահմանին միշտ տեղի են ունենում կրակոցներ: Չե՞ք կարծում, որ Ադրբեջանն է, այնուամենայնիվ, լարում իրավիճակը: Մենք ուղղակի չենք հասկանում, թե դրանով ինչ է ուզում Ադրբեջանն ապացուցել:

– Ես չգիտեմ, թե որ ժամանակահատվածում են տեղի ունենում այս միջադեպերը:

Արմնյուզ– Նախկինում կարելի էր դրանք զուգադիպություններ կոչել, բայց այժմ հստակ երևում է, որ այս հարցում որոշակի օրինաչափություն կա:

– Ես կարծում եմ, որ ցանկացած պահ պետք է հարգել զինադադարը, անկախ նրանից առաջիկայում տարածաշրջանային պաշտոնական այց կա՞, թե՞ ոչ: Այս հարցը մենք բարձրացրել ենք Բաքվում, կբարձրացնենք նաև Երևանում: Մենք չենք ցանկանում, որ թշնամանքը սրվի: Մենք ուզում ենք, որ տևական խաղաղություն լինի:

Արմնյուզ– Ձեր կարծիքով, հնարավո՞ր է վստահություն ստեղծել սահմանի տարածքում: Չէ՞ որ Ադրբեջանը չի ընդունում, մերժում է արված բոլոր առաջարկները, ոչ հայկական կողմի առաջարկները: Հնարավո՞ր է շփման գծից հեռացնել նշանառուներին:

– Խնդիրներից մեկը, որ հույս ունենք, որ երկու կողմերն էլ կընդունեն, վստահության ձևավորման և ժողովրդական ծրագրերն են: Շատ են քննարկվել դրանց կարևորության, կողմերի միջև վստահության ստեղծման խնդիրները: Մենք պետք է սահմանի երկու կողմում էլ աշխատենք այդպիսի ծրագրերի վրա: Կարծում եմ, որ երկու ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում: Այսօր Լեռնային Ղարաբաղը խարիսխ է, որը հետ է պահում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Մենք ուզում ենք վերացնել այդ խոչընդոտը, որ բարգավաճման դարաշրջան բացվի տարածաշրջանում: Կարծում ենք, դա հնարավոր է անել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման միջոցով, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց վստահության կառուցումն է, ժողովուրդների միջև երկխոսության սկիզբը:

Արմնյուզ– Առաջին մասը փաստորեն տապալվե՞ց: Ձեր վստահության կառուցումը տապալվե՞ց:

– Այս բոլոր խնդիրների հետ մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Այստեղ ինչ-որ արագ դեղամիջոց չկա, հեշտ լուծում չենք գտնելու: Մենք պետք է աշխատենք ավելի համառորեն: Երեկ Բաքվում ասացի, որ հիմա կա խաղաղության մի պատուհան, մի հնարավորություն: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մենք պետք է հետամուտ լինենք դրան, գործենք ակտիվորեն: Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդները չպետք է պահանջեն ոչինչ ավելի քիչ, քան խաղաղությունն է: Մենք տեսնում ենք, որ կա այդ հնարավորությունը:

Ընտրությունները անցել են, և երկու նախագահաներն էլ վերընտրվել են, ԱՄՆ-ն շատ ակտիվորեն ներգրավվել է,բայց նախագահները և ժողովուրդները քաղաքական կամք ունե՞ն, որպեսզի գտնենք տևական խաղաղություն: Ես ցանկանում եմ հաստատել, որ մենք շատ տքնաջան աշխատում ենք, բայց այս հարցը չենք կարող միայնակ լուծել:

Արմնյուզ– Ի՞նչ պատասխան ստացաք Բաքվից, երբ առաջարկեցիք օգտագործել հնարավորության պատուհանը:

– Կարծում եմ, որ Ադրբեջանն ուզում է ակտիվորեն ներգրավվել, առաջ շարժվել, դրա համար էլ մենք գնում ենք Բաքու: Եթե Բաքուն վաղը ցանկանա, որ ես հետ գնամ, եթե Ադրբեջանի կամ Հաայստանի նախագահները ցանկանան, որ այս երկխոսությունը լինի, մենք պատրաստ ենք միջնորդել այս երկխոսությանը: Եթե պետք է` դրա համար կկազմակերպենք նախագահների, արտգործնախարարների հանդիպումներ: Մենք պատրաստ ենք օգնել այս գործընթացում: Սա հեշտ չէ. 20 տարի ջանքեր են գործադրվել լուծում գտնելու համար, հիմա հասունացել է պահը, որպեսզի մենք կրկնապատկենք մեր ջանքերը և գտնենք առաջ շարժվելու ճանապարհ: Ես պատրաստ եմ: Իմ հարցը Բաքվին ու Երևանին հետևյալն է. դուք պատրա՞ստ եք:

Արմնյուզ– Գուցե պոլիտկոռեկտ հարց չէ. Բաքուն ցանկանում է նոր պատերա՞զմ:

– Ոչ, ես կարծում եմ` ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն ուզում պատերազմ: Դա կործանիչ էր: Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում: Դրա պատճառով սարսափելի կորուստներ են եղել: Երկու երկրներն էլ տեսել են պատերազմի հետևանքները, և ոչ ոք չի ցանկանում դա կրկին տեսնել: Դա ամենավատ արդունքն է, որ կարող է լինել, բայց ներկա իրավիճակը, երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, ստատուս քվոյի կարգավիճակը կայուն չէ: Պատերազմից խուսափելու համար պետք է գտնենք ճանապարհ դեպի վերջնական կարգավորում: Իմ ուղիղ պատասխանը Ձեր հարցին. Ադրբեջանը չի ուզում պատերազմ: Ես կարծում եմ, որ այստեղ էլ` Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի նախագահը նույնպես չեն ուզում պատերազմ:

Արմնյուզ– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հանրային ելույթներից մեկում ասաց, որ ցանկանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որպեսզի ընդգրկվի Թուրքիան:

– Իրականում երկու կողմերն էլ ասել են, որ ցանկանում են համանախագահների հետ շարունակել ներկա ձևաչափը և փնտրել լուծումներ: Ես չեմ տեսել հակառակը փաստող որևէ ապացույց: Իհարկե ԱՄՆ-ն ու համանախագահները լսում են բոլոր կողմերին, բայց ձևաչափը, կարծում եմ, ընդունելի է և Երևանում, և Բաքվում: Մենք կշարունակենք Մինսկի խմբի գործընթացը:

Արմնյուզ– Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ Անջեյ Կասպրշիկն ասաց, որ երկու կողմերն էլ հավասարաչափ մեղավոր են սահմանին իրավիճակի լարման համար: Ձեր կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ չե՞ն ոգևորում Ադրբեջանին, որպեսզի սահմանին նման միջադեպերն ավելանան:

– Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել: Մենք գիտենք, որ եղել են վիրավորներ
և զոհեր երկու կողմերում: Իհարկե, մենք ցավում ենք ցանկացած միջադեպի համար, հատկապես եթե դա մարդկային կյանք է խլում, ուստի պետք է աշխատնենք, որպեսզի զինադադարը հաստատուն լինի:

Արմնյուզ– Ինչ-որ պահի բանակցություններին կմիանա՞ Ղարաբաղը: Ե՞րբ դա հնարավոր կլինի:

– Մենք ցանկանում ենք լսել բոլոր կողմերին: Ես հիմա ճամփորդելու եմ Ղարաբաղ, հանդիպելու եմ նախագահի և արտգործնախարարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ես ուզում եմ, որ այդ հաղորդակցման միջոցները բաց լինեն, որովհետև բոլոր կողմերին էլ պետք է լսել: Ես անհամբեր սպասում եմ ղարաբաղյան իմ այցին: Ես խոսում էի միջժողովրդական ծրագրերի մասին, դրանք Լեռնային Ղարաբաղում էլ են կարևոր: Հուսով եմ` այնտեղ նույնպես կկարողանանք իրականացնել ծրագրեր, որոնք այս պահին Ղարաբաղում բնակվող մարդկանց վստահությունը կբարձրացնեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս