Դատարանը կասեցրել է Բուդաղյանների փաստաբանի բողոքների քննությունը
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշել է կասեցնել Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երկու բողոքների քննությունը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դատարանն իր բողոքների քննությունը կասեցրել է մինչև քննիչը կներկայացնի քրեական գործի բոլոր նյութերը: Բողոքների քննության կասեցումն անժամկետ է մինչև որոշակի իրադարձություն՝ տվյալ դեպքում մինչև քննիչը կներկայացնի քրեական գործի բոլոր նյութերը:
Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դրակա՞ն, թե՞ բացասական է գնահատում դատարանի այս որոշումը՝ իր բողոքների արդարացի լուծման տեսանկյունից: «Դրականն այն է, որ դատարանը վերջապես փաստեց, որ առանց քննիչից նյութերը ստանալու այդ բողոքների քննությունն անհնարին է: Բացասականն այն է, որ դատարանը փոխանակ ինքը քննիչից պահանջի նյութերը, դրանց ներկայացումը թողեց քննիչի հայեցողությանը, և կասեցրեց բողոքների քննությունը մինչև ինքը կներկայացնի դրանք: Այսինքն՝ ստացվեց, որ եթե քննիչը չներկայացնի, այդ բողոքները չեն քննվելու»,- ի պատասխան ասաց Հ. Ալումյանը:
Նրա կարծիքով՝ դատարանը չի ցանկանում քննիչից նյութերը պահանջել՝ ելնելով տվյալ «դեպքի առանձնահատկություններից և այն անձանցից, ովքեր այս ամենի ետևում կանգնած են»:
Նա վստահեցրեց, որ չնայած դրան, իր բողոքների քննությունը կասեցնելու որոշման հետ կապված «անպայման» լինելու են որոշակի քայլեր. որոշումն ունի նաև բողոքարկման ընթացակարգ:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Ըստ այդ որոշումների՝ նախաքննություն իրականացնող ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչը նրանց ազատ էր արձակել՝ նշելով, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը՝ 2013թ. հունիսի 1-ին, սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Քննիչը գտել էր, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարք, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր նրա մահվան պատճառով: