
Օլիմպիական ոգին չզոհաբերվեց կոնկրետ խնդիրների համար. Գեորգի Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է Վրաստանի օլիմպիական հավաքականի հետ, որը մասնակցելու է Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը:
Մարգվելաշվիլին մարզիկներին հայտնել է, որ օլիմպիական խաղերին մասնակցելն ընդհանուր առմամբ դրական նշանակություն ունի Վրաստանի համար, և որ երկրի ղեկավարությունը շատ ճիշտ քայլ է գործել՝ որոշելով վրացի մարզիկներին ուղարկել Սոչի:
Նա ընդգծել է, որ իրենք չեն ցանկացել քաղաքականցնել տվյալ հարցը և չզոհաբերել օլիմպիական ոգին կոնկրետ խնդիրների համար: Նախագահի խոսքերով՝ Վրաստանի նման փոքր երկիրն աշխարհի քարտեզի վրա հայտնի է դարձել նաև իր մարզիկների ու տաղանդավոր այլ մարդկանց շնորհիվ:
Մարգվելաշվիլին հավելել է, որ վրացի մարզիկներն իրենց միայնակ չեն զգա Սոչիում, քանի որ այնտեղ են գտնվելու նաև իրենց միջազգային բարեկամները և այն երկրները, որոնք աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու միասնությանը:
Վրացի մարզիկները Սոչի կմեկնեն այսօր՝ վրացական Airzena Georgian Airways ավիաընկերության ուղիղ չվերթով: Վերջինս իր չվերթները դեպի Սոչի սկսել է փետրվարի 4-ին, ինչն աննախադեպ իրադարձություն է՝ 2008 թվականից սկսած: