
Եգիպտոսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է նախագահական ընտրություններում. մամուլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի առաջին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է Քուվեյթի «Աս-Սիյասա» թերթը:
Ավելի վաղ Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը կոչ էր արել ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին առաջադրել երկրի նախագահի պաշտոնում: Դրական որոշման դեպքում նա հարկադրված կլինի հրաժարական տալ՝ համաձայն օրենքի:
Եգիպտոսի ԿԸՀ-ը պաշտոնապես նախագահի թեկնածուների հայտերն ընդունելու է այս տարվա փետրվարի 18-ից: Ընտրություններն անցկացվելու են ապրիլի վերջին: Սիսին հանդիսանում է եգիպտացի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչը՝ թեև երկիրը պաշտոնապես ղեկավարում է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է զինվորականների աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Ադլի Մանսուրը հունվարի վերջին Սիսիին շնորհել է ֆելդմարշալի կոչում, ինչը հանդիսանում է ամենաբարձր զինվորական կոչումը Եգիպտոսում: