Կառավարությունը խրախուսում է ծայրահեղ աղքատությունը

Նախորդ տարվա աշնանային նստաշրջանից սկսած ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ տարբեր պատգամավորներ հարց էին ուղղում ԱԺ ղեկավարությանը, թե ինչո՞ւ քննարկման չի դրվում արդեն 10 տարի ԱԺ մեծ և քառօրյա նիստերի օրակարգում գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013թ. նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ այս կոնվենցիան իրենք կքննարկեն հաջորդ քառօրյային: Սակայն այն չքննարկվեց ո՛չ նոյեմբերին և ո՛չ էլ դեկտեմբերին տեղի ունեցած քառօրյաների ժամանակ: Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ կոնվենցիան չի քննարկվի ընդհանրապես. կառավարությունը դիմել է նախագահին՝ առաջարկելով ԱԺ-ից հետ կանչել միջազգային այս համաձայնագիրը: Թեև այն դեռևս գտնվում է ԱԺ օրակարգում, սակայն կարելի է չկասկածել, որ նախագահ Սարգսյանը կընդառաջի կառավարության խնդրանքին:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին գրել էինք, որ նախագահ Սարգսյանը պատրաստվում է հետ կանչել այս միջազգային համաձայնագիրը, քանի որ դրա վավերացումը հավելյալ գլխացավանք է պատճառելու իշխանությանը` նրան դնելով ֆինանսական նոր պարտավորությունների առաջ: Այս համաձայնագիրը նախատեսում է, որ եթե ինչ-որ պատճառներով հնարավոր չէ բացահայտել բռնության հեղինակներին, ապա դրանց զոհերին փոխհատուցում պետք է վճարի կառավարությունը:

ՀԱԿ խմբակցությունն այս հարցը հետևողականորեն բարձրացնում էր, քանի որ այս համաձայնագրի վավերացման դեպքում կառավարությունը պետք է փոխհատուցում վճարեր 2008 թ.մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներին, ինչպես նաև` 200-ի հասնող վիրավորներին:

Երեկվա հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց, թե ինչո՞ւ է կառավարությունն առաջարկում հետ կանչել մի համաձայնագիր, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, Սահմանադրական դատարանն այն ճանաչել է ՀՀ օրենսդրությանը համապատասխանող, և կառավարության կողմից ԱԺ-ում նշանակվել է հարցը ներկայացնող պաշտոնական ներկայացուցիչ, բացի այդ, կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 15 պետություններ, այդ թվում և` Ադրբեջանը: Ըստ նրա, այս համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտար փոխհատուցելու ոչ միայն Մարտի 1-ի զոհերի, այլև ադրբեջանական բանակի դիպուկահարների կողմից զոհված զինվորների իրավահաջորդներին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կոնվենցիան հետ կանչելը պատճառաբանում է այն հավելյալ ֆինանսական ծախսերով, որոնք կարող են առաջանալ դրա` վավերացվելու և ուժի մեջ մտնելու դեպքում: «Նման կոնվենցիայի սոցալական բնույթը բավականին բարձր է և նշանակալի, բայց մյուս կողմից՝ պետությունն այդ կոնվենցիայի վավերացմամբ իր վրա է վերցնում ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է համադրելի լինեն այդ ոլորտում վարվող քաղաքականության հետ», – ասում է Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա` այս կոնվենցիան չի բխում կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությանից, քանի որ ֆինանսական փոխհատուցման պահանջով կարող են դիմել ավազակային հարձակման ենթարկված, սակայն սոցիալապես ապահովված մարդիկ: Թովմասյանը վստահեցնում է, որ, երբ պետությունն ունենա համապատասխան հնարավորություններ, անպայման անդրադարձ կկատարվի այս կոնվենցիային:

Իսկապես ճիշտ է Արդարադատության նախարարը, որ ավազակային հարձակումների զոհեր կարող են լինել սոցիալապես ապահովված մարդիկ: Տրամաբանությունը հուշում է, որ հենց սոցիալապես ապահովված մարդիկ կարող են դառնալ ավազակային հարձակման զոհեր, քանի որ աղքատների կամ ծայրահեղ աղքատների վրա իմաստ չունի հարձակվել: Իսկ ինչո՞ւ պետք է պետությունն իր վրա վերցնի սոցիալապես ապահով քաղաքացիներին փոխհատուցելու բեռը, եթե նրանք հենց այդ պատճառով են դարձել հարձակման թիրախ:

Թող սոցիալապես ապահովված չլինեին, հարձակման թիրախ էլ չէին դառնա. սա է թերևս նախարարի տրամաբանությունը։

Բայց իշխանությունը հրաժարվում է այս կոնվենցիան վավերացնել մեկ այլ հիմնարար պատճառով ևս: Կոնվենցիայի վավերացումը պետք է նպաստեր, որպեսզի պետությունը և նրա առանձին վերցված օղակներ` իրավապահ մարմիններ, ավելի ուշադիր և հետևողական լինեին հանցագործությունների բացահայտման գործում:

Հիմա երբ որևէ հանցագործություն` սպանություն, դանակահարություն, ծեծ և այլն, չի բացահայտվում, պետությունը և դրա առանձին օղակներ` Ոստիկանությունը, Դատախազությունը, Ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որևէ իրավական պատասխանատվություն չեն կրում: Կոնկրետ Մարտի 1-ի իրադարձությունների մասով պետական մարմինները հայտարարում են, որ չեն կարողանում բացահայտել սպանությունների և բռնությունների հեղինակներին, և վերջ:

Այս կոնվենցիայի վավերացումը ստիպելու էր պետությանը ֆինանսական պատասխանատվություն կրել բոլոր այն դեպքերի համար, երբ ինքն ի զորու չի եղել բացահայտել բռնության հեղինակներին: Արդյո՞ք պետությունը կցանկանա պատասխանատու լինել իր քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար: Խոսքով` իհարկե, բայց այս կոնվենցիան պահանջելու էր նաև ֆինանսական պատասխանատվություն, որն իշխանության համար անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս