Ինչո՞ւ են Դավիթ Խաչատրյանի երկու արարքներն էլ որակվել դիտավորություն, երբ միայն մեկ կրակոց է եղել
Ինչպես հայտնի է, զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երկու «դիտավորյալ» արարքների համար: Նախաքննություն իրականացրած ՊՆ քննչական ծառայությունը մեղադրական եզրակացության մեջ նշել է, որ Դավիթ Խաչատրյանը արձակել է մեկ կրակոց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել երկու դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Այսպես, մեղադրական եզրակացությունում նշված է, որ Լյուքս Ստեփանյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով Դ. Խաչատրյանը «մեկ մենահատ» կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի վրա: Արձակված մեկ կրակոցից, ըստ մեղադրական եզրակացության, ծանր վնաս է պատճառվել նաև Հրաչյա Սարգսյանին: Այս գործողությունը ևս որակվել է որպես դիտավորություն:
168.am-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են Դավիթ Խաչատրյանի երկու արարքներն էլ որակվել որպես դիտավորություն, երբ միայն մեկ կրակոց է եղել: «Դատարանում դատավճիռը կլինի՝ կտեսնենք, թե դատարանն ինչպե՞ս է գնահատել: Համենայն դեպս քրեական հետապնդում իրականացնող մարմինը և հսկողություն իրականացնող դատախազությունն այդ կարծիքին են եղել»,- ի պատասխան ասաց Ա. Հարությունյանը: