Խաչիկ Ասրյան. Մեր սերունդը միշտ հպարտ է, որ ապրում է գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի ժամանակներում

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ-ում հանդիպեց «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության անդամների հետ: «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամ Արման Արշակյանը նախարարից հետաքրքրվեց՝ պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում. «Թե նրանք, ինչպես ասում են, բոլորը գիտնականներ են ծնվում»,- հարցրեց Արման Արշակյանը:

«Ես այդպիսի վիճակագրություն չեմ կատարել, բայց ասեմ հետևյալը. այսօր այն բոլոր քաղաքացիները, որոնք 18 տարեկանից պարտադիր ժամկետային ծառայության պետք է գնան, ովքեր որ համապատասխան տարկետումներ չեն ստանում ասպիրանտուրա ընդունվելու կամ գիտական թեզ պաշտպանելու միջոցով, բոլորը ծառայում են բանակում: Ընդ որում, վերջին տարիներին մեր համապատասխան կառույցների, զինկոմիսարիատների, կազմակերպչական զորահավաքային վարչության, ռազմական ոստիկանության, մեր հասարակական խորհրդի, տարբեր կազմակերպությունների հետևողական աշխատանքի և աջակցության շնորհիվ արդարության սկզբունքը ավելի բարձր հիմքերի վրա է դրված և մանավանդ որ մենք Կրթության և գիտության նախարարության հետ, հատկապես նախարարի հետ կատարվող աշխատանքների շնորհիվ տարեցտարի կրճատում ենք այդ տարեկետման տեղերի թիվը, որպեսզի նաև նվազեցվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք գոյություն են ունեցել կրթության և գիտության հնարավորություններն օգտագործելու շնորհիվ»,- ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ հ/կ-ի ներկայացուցիչները Հայոց պետության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար ոսկե հուշամեդալով պարգևատրեցին նախարար Ս. Օհանյանին:

Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանն ասաց. ««Հայոց արծիվները» շատ լավ գիտակցում է իր պատմությունը, ընդհանրապես Հռոմի պատմությունն ուսումնասիրելով, մենք շատ լավ ուսումնասիրել ենք և Հին Հունաստանում, Տրոյայում ժողովուրդը միշտ հպրատ է եղել, որ ապրել է Աքիլլեսի, Հեկտորի ժամանակներում: Ուզում եմ հպարտությամբ նշել, որ մեր սերունդը, հայրենասեր սերունդը միշտ հպարտ է, որ ապրում է գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ժամանակներում»:

Կարդացեք նաև

Ս. Օհանյանին կազմակերպության կողմից հանձնվեց նաև օդաճնշիչ հրացան:  Հանդիպման ավարտին Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին շնորհակալություն հայտնեց «Հայոց արծիվներին» «պատմական օր պարգևելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս