
Սաակաշվիլիի կուսակցությունն իշխանության տարիներին գնել է 2 միլիարդ եվրոյի զենք. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» հասարակական կազմակերպության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ (Միխեիլ Սաակաշվիլի) «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանության տարիներին գնել է 2 միլիարդ եվրոյի զենք:
Իվանիշվիլին մանրամասնել է, որ դա տեղի է ունեցել նրանց կողմից իշխանության գալու առաջին տարիներին: Իվանիշվիլիի խոսքերով՝ ներկայումս չի մնացել զենքի այդ ծավալից 200 միլիոն դոլարի զենքը. «Նրանք կասեն, որ այդ ամենը ոչնչացվել է պատերազմի ժամանակ: Մենք նաև չենք իմացել, թե ինչ են գնել նրանք: Մենք պետք է մասնակցենք հենց այդպիսի գործընթացների, որպեսզի պետությունը ճիշտ զարգանա»:
Իվանիշվիլին հավելել է, որ ինքը նույնպես հարցեր ունի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին՝ կապված զենքի գնման հետ. «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ զենքը գնելիս գումարները վատնվել են այլ ուղղությամբ: Թմրանյութերի առևտրի նման զենքի առևտրի ժամանակ մոտ 2/3-ը գնում է այն կողմ»:
Հիշեցնենք, որ ֆրանսիական դատարանը մինչև փետրվարի 27-ը գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակել է Կեզերաշվիլիին: