Էրդողանը հերթական անգամ կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ ԱԽ-ում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ կոչ է արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ ԱԽ-ում, քանի որ այդ կառույցն անարդյունավետ գտնվեց Սիրիական հակամարտության կարգավորման հարցում:

Էրդողանի խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների վետոյի իրավունքը «բարդացնում» է Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու գործընթացը. «ՄԱԿ-ը խաղաղության ու անվտանգության համար պայքարող խոշորագույն կազմակերպություն է, մինչդեռ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների անգործությունը նրան հնարավորություն չի տալիս ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սիրիացիներին օգնելու համար»:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան ընդունել է գրեթե 700.000 սիրիացի փախստականի և նրանց վրա ծախսել է 2.5 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիան առաջարկել է ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքային նոր մոդել, որում նրա մշտական անդամների քանակը ներկայիս 5-ից կհասցվի 11-ի, իսկ ընդհանուր անդամների քանակը ներկայիս 15-ից կհասցվի 25-ի:

Բացի այդ, վերացվելու է մեկ պետության կողմից վետո դնելու իրավունքը և որոշումներն ընդունվելու են ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի այս առաջարկը միտված է ՄԱԿ ԱԽ-ում իրեն անհրաժեշտ ներկայություն ապահովելուն և սեփական պլանները ՄԱԿ ԱԽ-ի միջոցով առավել հեշտորեն իրագործելուն:

Տեսանյութեր

Լրահոս