Հովհաննես Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հայտարարությունը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:

«Հարգելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ընդդիմությունն անմիջապես ձեռնամուխ եղավ իշխանությունների քննադատությանը:

Ընդ որում, այդ ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց մոտ նկատվեցին բավականին տարակուսելի դրսեւորումներ` անձի երկվություն եւ հիշողության կորուստ: Փորձելով ըմբռնումով մոտենալ որոշ ընդդիմադիրների`ցավոք արդեն սովորական դարձած իրավիճակային «սկզբունքայնությանը», տեւական ժամանակ չարձագանքեցինք:

Սակայն օգտվելով դրանից` ընդդիմության առանձին ներկայացուցիչներ սկսեցին էլ ավելի ակտիվացնել տարբեր ամբիոններում եվրոպամետ ելույթներով էժանագին քաղաքական միավորներ ստանալու իրենց գործելաոճը: Դա, իհարկե, նրանց գործն է, ի վերջո` ոճի եւ ճաշակի հարց է: Թեև, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը շատ լավ է հիշում, թե ինչպես էր ընդամենը մեկ տարի առաջ այդ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը հրապարակավ հայտարարում, թե Հայաստանի ժողովրդի հաղթանակը պետք է բերի Մոսկվայից` Վլադիմիր Պուտինից:

Բնականաբար, ժողովուրդը միանգամայն ադեկվատ արձագանքեց իր վզին օտար երկրից ինչ-որ հաղթանակներ փաթաթելու` ընդդիմադիր առաջնորդի ձգտումներին` ցույց տալով, որ ինքն ապրում է ինքնիշխան պետությունում, որտեղ հաղթանակները կայացնում է սեփական ընտրությամբ եւ սեփական աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե` այս կամ այն երկրի նախագահի պարտադրմամբ, և այդ ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանության կորստի մասին…

Պակաս ուշագրավ չէր խորհրդարանում ներկայացված մյուս ոչ իշխանական ուժի պահվածքը, որի առաջնորդը, հիշեցնեմ, սեպտեմբերի 3-ից ճիշտ մեկ օր առաջ հայտարարում էր, թե «Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է, ամենակարեւոր տնտեսական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման հարցում կարեւորագույն ռազմավարական դաշնակիցը»:

Ավելին, նա կարծիք էր հայտնում, թե չի կարող լինել որեւէ հայ մարդ, որը չցանկանա Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Սակայն ինչպես տեսանք` ընդամենը երկու օր հետո այդպիսի հայ մարդիկ գտնվեցին, ընդ որում` շատ ավելի մոտ շրջապատում, քան կարելի էր կարծել: Ինչ վերաբերում է այն խմբակցությանը, որի անդամներից մեկն իր կուսակցության անունից ռուսաստանաբնակ հայերին կոչ էր անում ընտրել Վլադիմիր Պուտինին, ապա այդ ուժի քաղաքական հայրը հստակ հրահանգավորել է իր թիմակիցներին`չասել որեւէ վատ բան ոչ Ռուսաստանի, ոչ էլ ՌԴ նախագահի հասցեին:

Ասել է թե` հավատարմության երդումը Ռուսաստանին տրվել է ամենաբարձր մակարդակով, թեևս` մի փոքր կասկածում եմ, որ այդ երդումը պահանջարկ ունենար:

Ամփոփելով` ուզում եմ հիշատակել Ռիչարդ Նիքսոնի ձեւակերպումը` քաղաքականության հիմքը նպատակն է, եւ դա նկատի ունենալով` հասկանալ, թե որն է ընդդիմադիր ուժերի նպատակը:

Չարախնդա՞լը, ցանկացած հարցում ինքնանպատակ քննադատություն հնչեցնե՞լը, պատեհապաշտ հայտարարություններով կարճաժամկետ դիվիդենտներ շահե՞լը:

Հարգելի գործընկերներ, այսօր փետրվարի 4-ն է, ուղիղ 19 տարի առաջ` 1995 թ-ին այս օրը, ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Հրադադար, որը ոչ միայն դեռ խաղաղություն չէ, այլեւ` գնալով ավելի ու ավելի հաճախ է վտանգվում մեր թշնամու կողմից: Եկեք չմոռանանք այս մասին, եւ հիշենք, որ անկախ մեր հայացքներից, մեր բոլորիս քաղաքականության հիմքը` նպատակը, պետք է լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ու տնտեսական անվտանգության ամրապնդումը, ինչին էլ ուղղված է ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսը»:

Տեսանյութեր

Լրահոս