Էդուարդ Շարմազանովը՝ ոչ իշխանական ուժերին. Ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
«Հարգելի խորհրդարան,
Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն:
«Ճանապարհային քարտեզի» հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում է գտնում Եվրամիության անդամ երկիր Չեխիայում: Պրահայում եւս մեկ անգամ ամրագրվեց.
Առաջին, Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:
Երկրորդ, եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրությամբ, այլ համատեղելիությամբ, ինչի մասին է վկայում հայ-չեխական գործարար համաժողովը, որին միայն չեխական կողմից մասնակցում էր շուրջ 100 կազմակերպություն:
Պրահայում կողմերը լիովին համակարծիք էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ, երեք հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման հարցում: Այնուհանդերձ, մեր կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանը մեկընդմիշտ չի հրաժարվել ռազմատենչ քարոզչությունից եւ սպառազինությունների մրցավազքից, հիմնախնդրի վերջնական կարգավորումը իրատեսական չի թվում:
Հարգելի գործընկերներ,
Մինչ Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ էր անում անցյալի ցավերը հետեւում թողնել, 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս Եվրամիության անդամ երկիր Չեխիայի նախագահն օգտագործեց 1.5 մլն հայերի «գենոցիդ» եզրույթը:
Կարծում եմ` Թուրքիան անցյալի կնճռոտ խնդիրները պետք է ոչ թե մոռացության մատնի, այլ լուծի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Եվ վերջում մի քանի խոսք՝ ուղղված ոչ իշխանական որոշ գործընկերներիս: Բարեկամներս, նախընտրական բառապաշարով հագեցած զգացմունքային նախադասությունները միգուցե արդյունավետ են ընտրությունների նախօրեին: Սակայն ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում»: