Տիգրան Ուրիխանյանը՝ Կարեն Ավագյանին. Որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգանավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամին բարկացավ «հայտնի ուժերի» և որոշ պատգամավորիների անձնական վիրավորանքներ հասցնելու համար՝ նշելով. «Որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն»։ «Հերթական անգամ շեղում անելու փորձ է արվում, որ ես ու մյուս գործընկերներս այսօր գայինք այստեղ՝ ասեինք, որ թալան է տեղի ունենում, աշխատավարձ են ստանում, բայց միջից փող են պահում, որ ամիսներով սառցակալած փողոցների վրա ջարդուփշուր լինելուց հետո չկարողանանք գնալ բժշկի մոտ բուժվեք։ Քաղաքը գծագրել են կարմիր գույնով, որ չկարողանանք տուրք մուծենք, հացի դեղի հարց լուծել, կոմունալի, գազի մասին էլ չեմ ասում։ Դրա համար հայտնվում են սպասարկուներ, հայտնի ուժերից անձնական վիրավարանքներ են հասցնում, որպեսզի մենք էլ հետո վեր կենանք, պատասխան տանք, շեղվենք։ Նպատակը մեկն է՝ առկա պրոբլեմներից շեղել»,- ասաց Ուրիխանյանը:
ԲՀԿ պատգամավորը նկատի ուներ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին, ով իր ելույթում ասաց, թե քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել՝ իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը «նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է և այլն»:
Կարեն Ավագյանը, դիմելով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններին, հայտարարեց նաև. «Անհասկանալի է, թե ինչպես կարող են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը իրար հետ համագործակցել։ Մի փոքր հետադարձ հայացք գցելով՝ կարելի է պարզել, որ սա հերթական ցածրորակ աճպարարությունն է։ Եվ որքան էլ ցանկանան պղտորել մթնոլորտը, տարբեր գույնի ակնոցներով նայել իրականությանը, ամեն ինչ շատ պարզ է. քաղաքական գործընթացներում իրենց տեղը գտնելու համար անհրաժեշտ են քաղաքական զինանոց ու գիտելիքներ։ Ժամանակին դոպինգ օգտագործած ու դոպինգ կոնտրոլը չանցած քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ դոպինգ կոնտրոլն այսուհետև խստացված է։ Յուրաքանչյուրը պետք է հստակ իր տեղն ու դերը իմանա և գործի ըստ այդ տեղի ու դերի։ Խորհրդարանում արհեստական լարում մտցնելու, աշխատանքների բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձերը տապալվելու են։ Եթե չունեք համապատասխան ռեսուրս, ապա, կներեք, ձեր տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ գրանտասեր տարատեսակ շարժումները»:
Տիգրան Ուրիխանյանն էլ բարկացավ՝ ասելով. «Էս, էս ի՞նչ ձև է, սա խորհրադարանին վայել պահվա՞ծք է, ինչ-որ աճպարարություն, խորհուրդներ, ռեինկարնացիա, սա ի՞նչ ձև է, լավ, որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն։ Լավ, կոռեկտություն պահեք, այնուամենայնիվ հիշելու ենք, դահլիճը լքած բարեկամ, ձեր անձնական նպատակների համար պետական միջոցները , հիշելու ենք այն բոլոր արարքները, որոնք հասցրել են պետություն այս վիճակին»։