«Ռուսաստանը հաճույք է ստանում նրանից, որ իրավիճակը հակամարտության գոտում սրվում է»
Հարցազրույց ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին ՌԴ արտգործնախարարության վերջին հայտարարությանը, որն, ըստ էության, համահավասարեցնող բնույթ ուներ: Արդյո՞ք կարելի է այն համարժեք համարել, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
– Գիտեք, Ռուսաստանի Դաշնությունն առաջին հերթին` պետք է փորձի դուրս գալ այն վիճակից, որտեղ ինքն իրեն գցել է, որովհետև մի կողմից` ՀԱՊԿ-ն է, Հայաստանին տրված ավանսները և Ղարաբաղում խճճված, երկիմաստ իրավիճակը` Մաքսային և ապագա Եվրասիական տնտեսական միության անդամակցության հեռանկարի հետ կապված, և, մյուս կողմից՝ մեծ խնդիրներ կան Ադրբեջանի հետ, և Ռուսաստանը չի ուզենա, որ այդ խնդիրները բացահայտ հակամարտության վերածվեն:
Այստեղ նույնպես մի շարք հակասություններ կան, որովհետև Մոսկվան բավական շատ է խոսում այն մասին, թե ինչն իրեն դուր չի գալիս Ադրբեջանի գործողություններում, և միաժամանակ` նա շատ լավ կարողանում է համաձայնության գալ Ադրբեջանի հետ, երբ խոսքը կոնկրետ նախագծերի և երկու կողմերի ու առանձին գործիչների շահերի մասին է: Եվ սրա հետ մեկտեղ` բոլորն ակնկալում են, որ Ռուսաստանը պետք է ամրապնդվի Հարավային Կովկասում, թեև դրա ուղին առանձնակի չի երևում: Կարծում եմ` Ռուսաստանը, մի կողմից` որոշակի հաճույք է ստանում նրանից, որ իրավիճակը հակամարտության գոտում սրվում է…
– Իսկ ինչո՞ւ:
– Նրան դուր է գալիս, որ իրավիճակը սահմանին որոշակիորեն սրվում է, բայց մյուս կողմից` Ռուսաստանը, ինչպես և մյուսները, շատ լավ հասկանում է, որ հետագա էսկալացիայի դեպքում հնարավոր չէ հաշվարկել բոլոր հետևանքները, այդ պատճառով` նա փորձում է որոշ զսպվածություն դրսևորել:
– Իսկ ինչո՞վ է սա ձեռնտու Ռուսաստանին, նա այդպիսով ավելիգ է ուժեղացնում վերահսկողությունը Կովկասում:
– Ես չէի ասի` Կովկասում, և չեմ կարծում, թե այդպիսով Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերն Ադրբեջանում, ավելի շուտ` հակառակը: Բայց Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցվում են վերնախավերի միջոցով, իսկ Բաքվի և մոսկովյան վերնախավերը մեծ քաղաքականության նյութական մակարդակի վրա իրար հետ շատ լավ լեզու են գտնում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, այո՛, Ռուսաստանը զգալիորեն ուժեղացնում է իր դիրքերը հայկական վերնախավում:
Ինչպես գիտեք, շատ է խոսվել այն մասին, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն` ելնելով անվտանգության նկատառումներից: Կարծում եմ` իրականում սա բլեֆ է, որովհետև անվտանգության որևէ խնդիր այստեղ չկա, և Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի: Իսկ անվտանգության պատճառաբանությունը Հայաստանի իշխանությանն ազատում է այն տհաճ խոսակցություններից, որ իր համար անձնապես և նյութապես ավելի շահավետ է միանալ Մաքսային միությանը. Սերժ Սարգսյանի համար սա ուղղակի քաղաքականապես ավելի անվտանգ է, իսկ հայ քաղաքական դաշտի մյուս խաղացողների համար պարզապես ձեռնտու է խաղալ Մաքսային միության այդ խաղը:
– Իսկ այդ բլեֆն ավելի շատ Հայաստանի՞ իշխանությունն է անում, թե՞ Ռուսաստանի:
– Այն համաձայնեցված է, սա ընդհանուր խաղ է: Մի պահ կար, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր դուրս պրծնել այդ բլեֆից, բայց նրան շատ արագ և համոզիչ կերպով հիշեցրին` եթե նա դուրս գա, ստիպված կլինի ընտրել խաղի նոր կանոնների (որը նա փորձեց ամռանը խաղալ) և իր հին օլիգարխ ընկերների, նախկին նախագահների և մնացյալ ուժերի միջև, որոնք նրան հանգիստ չէին տա, եթե Մոսկվան դժգոհ մնար Սերժ Սարգսյանից:
– Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանն ուժեղացնում իր դիրքերը հայկական վերնախավում:
– Այն, ինչ Ռուսաստանին Հայաստանում հետաքրքրում է` բիզնեսի տեսանկյունից, նա ունի. անցանկալի բիզնեսներն արգելափակելու հնարավորություն, ինչպես ցույց տվեց «ՀայՌուսգազարդի» վերջին փորձը, նույնպես ունի: Հայաստանում խաղադրույքներն այդքան մեծ չեն, որպեսզի նա դրա համար առանձնակի լարվի: Ռազմավարական տեսանկյունից` Գյումրիի ռազմաբազան, իհարկե, ինչպես ասում են, մեծ ֆորպոստ չէ` մեծ պատերազմում, այն նույնպես բավական խորհրդանշական է` տարածաշրջանում ռուսական ներկայության առումով, ոչ ավելին: Ուստի, Ռուսաստանի համար պարզապես կարևոր էր պահպանել այն տեսիլքը, թե Հայաստանն առաջվա պես իր ուղեծրում է գտնվում և պատրաստ է անդամակցել այնպիսի նախագծի, ինչպիսին Մաքսային միությունն է, որն ինքնին միֆ է:
– Ուրեմն, ըստ Ձեզ սա՞ էր ՄՄ մտնելու հայտարարության պատճառը:
– Այո՛, դա միանշանակ Սարգսյանի պարտությունն է, որովհետև նա ստիպված էր համաձայնել Մոսկվայի խաղի կանոններին այն դեպքում, երբ Մոսկվան ակնհայտորեն հենվում էր Հայաստանի օլիգարխիայի` հայկական վերնախավի մի մասի վրա: Եվ կարծում եմ` հայկական մամուլում այժմ նկատվող սրացումն այդ նույն սյուժեի շարունակությունն է:
Ըստ իս` հակամարտության գոտում լարվածության ավելացումը նույնպես որոշ կապ ունի այդ սյուժեի հետ, որովհետև կողմերն իրենց դերերն են խաղում. Ադրբեջանը պարտավոր է բարձրացնել հակամարտության աստիճանը (ով էլ այնտեղ նախագահ լինի, նույնն է անելու, այլ հարց է, որ միգուցե Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրն ավելի նրբորեն և վարպետորեն կվարվեր, բայց դա ոչ թե սցենարի, այլ կատարման խնդիրն է), Հայաստանը նույնպես իրականացնում է իր ֆունկցիան. նույնպես օգտագործում է յուրաքանչյուր սահմանային միջադեպ քարոզչական իմաստով:
Եվ այդ իմաստով` չեմ կարծում, որ այնտեղ առանձնակի ահավոր բան է տեղի ունենում: Բայց մյուս կողմից` ինձ թվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները պարտադրում են Հայաստանին պատասխանել, ավելի ճիշտ` ոչ թե պատասխանել, այլ խաղալ սահմանային լարվածության խաղը, որովհետև կողմերից որևէ մեկը չի ասի, թե ով է առաջինը հարձակվում:
– Փաստորեն, Ձեր կարծիքով` սա երկու կողմերին էլ ձեռնտո՞ւ է:
– Ես չեմ ասում, թե սա ձեռնտու է կողմերից որևէ մեկին, ինձ այստեղ դուր չի գալիս «ձեռնտու» բառը: Սա պարզապես մի իրավիճակ է, որտեղ յուրաքանչյուրը ստիպված պետք է իր դերը խաղա: Սա ո՛չ Հայաստանին է ձեռնտու, ո՛չ Ադրբեջանին, որովհետև սահմանային ցանկացած լարվածություն միշտ իր մեջ ռիսկ է պարունակում:
Բաքուն կատարում է պարտված երկրի դերը, որը չի հաշտվում ստատուս-քվոյի պահպանման հետ, նա կողմերից միակն է, որ համաձայն չէ ստատուս-քվոյի հետ, որովհետև միջազգային հանրությունն ու Հայաստանը, իհարկե, համաձայն են ստատուս-քվոյին: Ռուսաստանն էլ այնքան հետաքրքրված չէ ստատուս-քվոյի պահպանման մեջ, բայց ոչ այնքան, որքան Ադրբեջանը, և այդ իմաստով` Բաքուն կարող է մի փոքր հույս դնել Մոսկվայի վրա:
– Կա տեսակետ, որ Ադրբեջանի կողմից սադրանքների նպատակը հենց ստատուս-քվոյի փոփոխմանը հասնելն է: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
– Այո՛, ես հենց դա նկատի ունեի: Եվս մի անգամ ընդգծեմ` ես սահմանում վիճակի սրման ողջ պատասխանատվությունը չէի դնի ադրբեջանական կողմի վրա: Ժամանակին` շատ վաղուց, գեներալ Անատոլի Զինևիչը, ով եղել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը, ի պատասխան հարցին, թե` «ո՞վ է առաջինը սկսում», պատասխանել էր, որ դա երբևիցէ հնարավոր չէ պարզել, քանի որ պատերազմը կարող են սկսել թե՛ այս, թե՛ այն կողմը: Երբ դիպուկահարները միմյանց տեսնում են օպտիկական նշանառության միջոցով, այդ ժամանակ, ինչպես ասում են, մատն, անկախ իրենից, քաշում է ձգանը:
– Այնուամենայնիվ, Ադրբեջանն է հիմնականում դիմում դիվերսիոն հարձակումների և խախտում հրադադարը:
– Գիտեք, նույն կերպ ադրբեջանական քարոզչությունն է ասում, որ Հայաստանն է ամեն ինչում մեղավոր:
– Բայց չէ՞ որ Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից կեղծարարությունն անհամեմատ շատ է:
– Ես չգիտեմ` կողմերից ով է ավելի շատ կեղծում, դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ միջադեպերն իրականում տեղի են ունենում: Կարևորն այն է, որ Ադրբեջանը չի կարող համաձայնել առաջարկին` հետ քաշել իր դիպուկահարներին, և կարևորն այն է, որ Հայաստանը, բնականաբար, շարունակելու է իր այդ պահանջն առաջ քաշել: Սա նույնպես դերակատարման ֆունկցիայի մի մասն է: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը դիմում է դիվերսիոն գործողությունների, որպեսզի խաթարի ստատուս-քվոն, ապա դա ավելի շատ հետևանք է, որովհետև Ադրբեջանի իշխանությունը պետք է ինչ-որ կերպ հիմնավորի իր հայտարարությունները, թե պատրաստ է խնդիրը լուծել ուժային մեթոդներով:
– Ի դեպ, կեղծարարության մասին. մի քանի օր առաջ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին գերի վերցրին սահմանը պատահաբար անցած մի խեղճ ծերունու, ով հոգեկան խնդիրներ ունի, և հայտարարեցին, թե «զինված հայ դիվերսանտ» են ձերբակալել:
– Այո՛, սա նույնպես առաջին դեպքը չէ, այդպիսի բաներ անընդհատ լինում են:
– Այսպիսով, եթե փորձենք ամփոփել, կարելի՞ է ասել` եթե ՌԴ արտգործնախարարությունն ավելի արդարամիտ լիներ, ապա պետք է գոնե ինչ-որ չափով դատապարտեր Ադրբեջանի վերջին գործողությունները:
– Դե գիտեք, Արտգործնախարարությունը չի կարող արդարություն ունենալ (ծիծաղում է. – Ա.Ս.), Արտգործնախարարությունը կարող է միայն ունենալ շահեր, իսկ նրա շահերը չափազանց խճճված են: Ուստի` ԱԳՆ-ն իր յուրաքանչյուր հայտարարությամբ փորձում է հավասարակշռված կերպով արձագանքել իրավիճակին, իսկ այդ հավասարակշռությունն ամեն անգամ չէ, որ համընկնում է նորմալ քաղաքական գնահատականների հետ: