
Վարդան Պետրոսյանի պաշտպանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է քրեական վերաքննիչ դատարանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ կբողոքարկի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել էր Վ. Պետրոսյանին ձերբակալելու որոշման դեմ իր բողոքը: Նրա խոսքով՝ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում հայտնաբերել են մի քանի փաստաթղթեր, որոնք վարույթ իրականցնող մարմնի կողմից դատարան չէին ներկայացվել:
«Կա գրություն՝ ուղղված ոստիկանապետից քննչականի պետին, որտեղ ասված է, որ անկախ հանգամանքներից՝ Վարդան Պետրոսյանը ոչ հայկական, ոչ ֆրանսիական անձնագրով չէր կարող հատել Հայաստանի Հանրապետության սահմանը: Այսինքն՝ ձերբակալումն ինքնին ինքնանպատակ էր: Կա Վարդան Պետրոսյանի հոկտեմբերի 28-ի ցուցմունքը, որտեղ Վարդան Պետրոսյանը հստակ նշում է, թե որտեղ է բնակվում՝ իր քրոջ տանը: Այսինքն՝ այն, ինչ բանավոր կարգով ասվում էր, թե կասկածի տակ է դրվում, գրավոր փաստաթղթերով հիմնավորվում էր, որ նման կասկած նախաքննական մարմինը չի ունեցել, հետևաբար՝ իրավունք էլ չի ունցել նրան ձերբակալելու»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Նա նշեց նաև, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հնարավոր է՝ միջնորդություններ ներկայացվեն նախաքննական մարմնին: