Ծառուկյանը փակում է Քոչարյանի «թեման»

Ազգային ժողովի այսօրվա աշխատանքները սենսացիոն մեկնարկ են ունեցել՝ ԱԺ է եկել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի քաղաքական համակարգի ներկայիս վիճակն այնքան տխուր է, որ Ծառուկյանի հայտնությունն ԱԺ-ում արդեն իսկ համարվում է սենսացիոն իրադարձություն: Բայց այսօրվա  սենսացիան միայն ԲՀԿ նախագահի ֆիզիկական ներկայությունը չէր ԱԺ-ում: Խմբակցության նիստ անցկացնելուց հետո Գագիկ Ծառուկյանը կարճ հարցուպատասխան է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում՝ ի սկզբանե զգուշացնելով, որ չի պատասխանելու որևէ հարցի, այդուհանդերձ, երկու կարևոր հայտարարություն է արել:

Ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցի, Ծառուկյանը նախ՝ ասել է, որ լավ կանեն՝ այդ հարցն ուղղեն Քոչարյանին, «և ինքը հստակ ձեզ կպատասխանի»: Այսինքն՝ Ծառուկյանն առանց ավելորդ ձևականության՝ հասկացրել է, որ ինքը կապ չունի Ռ. Քոչարյանի վերջին ակտիվացման հետ, և, որ նախկին նախագահն իր վրա չպետք է հույս դնի: Այլ կերպ դժվար է գնահատել Ծառուկյանի մեկ այլ հայտարարությունը:

Հարցին՝ եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ինքը և ԲՀԿ-ն կպաշտպանե՞ն նրան, Ծառուկյանը պատասխանել է. «Ինձ թվում է, որ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»: Այսինքն՝ եթե Քոչարյանը ցանկանում է, կարող է ընդգրկվել ԲՀԿ-ում և այդպիսով՝ պաշտպանել «մեզ», այսինքն՝ Ծառուկյանին… «Ես լինելու եմ հավերժ նախագահ»,- հայտարարել է ԲՀԿ նախագահը՝ այդ կերպ էլ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝  կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում ԲՀԿ նախագահի փոփոխություն լինի:

Այսպիսով, Ծառուկյանն, ըստ էության, փորձել է «փակել» Քոչարյանի թեման, առնվազն՝ ԲՀԿ-ի հետ կապի մասով: Արդյոք սա Ծառուկյանի անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ գուցե հենց Քոչարյանի հետ համաձայնեցված մարտավարական քայլ, ցույց կտա ժամանակը: Բայց գոնե այս պահին ավելի հավանական է թվում այն տարբերակը, որ Ծառուկյանն իր գործողությունները համաձայնեցնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ:

Համենայնդեպս, այսօր Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Նա, իհարկե, այդ մասին ուղիղ չի ասել, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ համագումարի ժամանակ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակի, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը ԲՀԿ գործունեության մասին արդեն հայտարարություն արել է, ավելացնելու բան չունի:

Իսկ ԲՀԿ գործունեության մասին Գ. Ծառուկյանը, հիշեցնենք, հայտարարել է անցած տարվա մայիսին՝ Աբովյանում իր միջոցներով կառուցված եկեղեցու բացման արարողության ժամանակ: Նա ասել է, որ ԲՀԿ-ն չի եղել և չի կարող լինել ընդդիմություն: «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող  է կողմնակից լինել այն ամենին, ինչն օգուտ է երկրին և ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե  անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»:

Տեսանյութեր

Լրահոս