
Ուկրաինան գտնվում է ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական ճգնաժամի մեջ. Լեհաստանի նախագահ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքը պետք է իրական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնույթի աջակցություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին.
«Այսօր մենք պետք է սկսենք ձգտել նրան, որ Ուկրաինայում հնարավոր փոխզիջումը, որին մենք պետք է աջակցենք, ամրապնդված լինի արևմտյան աշխարհի կողմից իրական օգնության ստացման հեռանկարով: Չէ՞ որ այդ պետությունը գտնվում է ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական ճգնաժամի մեջ:
Ուկրաինայի նոր կառավարությունը, որը պետք է ձևավորվի ժողովրդավարական ընթացակարգերի օգնությամբ, պետք է պատրաստի բարեփոխումների ծրագիր: Այդ ոչ հեշտ բարեփոխումների շուրջ էլ պետք է վերականգնել ուկրաինական միասնությունը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ով ի դեպ փետրվարի 4-ին մեկնելու է Կիև, հայտարարել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատրաստում են Ուկրաինային մեծապես օգնելու ֆինանսական խոշոր պլան: