
ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինային ֆինանսական օգնության խոշոր պլանի շուրջ. Էշթոն

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինային ֆինանսական օգնության խոշոր պլանի վրա:
Էշթոնի խոսքերով՝ դա միտված է անցումային ժամանակաշրջանում Ուկրաինային օգնելուն, երբ ժամանակավոր կառավարությունը կարող է սկսել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ՝ 2015 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Էշթոնն ընդգծել է, որ օգնության չափը չի լինի փոքր, և որ այդ օգնությունը ստանալու համար Կիևից չի պահանջվի երկարաժամկետ համաձայնագիր ստորագրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ:
Էշթոնը մանրամասնել է, որ օգնության փաթեթը կարող է բաղկացած լինել ոչ միայն փողից, այլև՝ ներդրումային պարտավորություններից ու այլ առաջարկներից: Քեթրին Էշթոնն Ուկրաինա է այցելել նախորդ շաբաթ: Նա պլանավորել է Կիև մեկնել նաև այս շաբաթ: