
Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից հրավեր է ստացել

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից հրավեր է ստացել` մասնակցելու ԵԽ ԽՎ հաջորդ նիստին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում, ինչպես հայտնի է, հայտնի «կազինոների» մասին հարցից հետո ԱԺ նախագահի որոշմամբ հեռացրել էին ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից:
«Ես ունեմ հրավեր, պաշտոնապես ես չգիտեմ՝ պարոն Աբրահամյանը հիմա ի՞նչ հիմնավորում պետք է ներկայացնի… ես բողոք ներկայացրել եմ, որ ինչ է տեղի ունեցել, ինչպիսին է պարոն Աբրահամյանի որոշումը և քանի դեռ պարոն Աբրահամյանն իր որոշումը չի ուղարկել, այնտեղից դեռ պատասխան չունեմ: Այս պահի դրությամբ դեռ ինքը այդ որոշումն այնտեղ չի մուտքագրել: Բայց ես ունեմ պաշտոնական հրավեր Ստրասբուրգից»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի մտադրությանը՝ որդի ունենալու մասին, նա ասաց, թե իր ցանկությունն ուժի մեջ է: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոչ միայն նվերներ է պատրաստել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ և ՍԴ նախագահներին, այլև` լրագրողներին:
«Նոր Հայաստան» և «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան» անուններով տորթեր էր բերել, որոնք հրավառության ներքո կտրվեցին ասուլիսի ժամանակ: Պատգամավորը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, ովքեր «գազային» համաձայնագրի ընդունման դեմ ակցիա անցկացրին: