ՀՀ-ի և ԼՂՀ-ի մաքսակետի բացառումը Արցախի հայապատկանության իրավականացումն է
Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարևոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:
Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ աւելի ճիշտ` ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի ճշտումը, Արցախը թե՛ իրողապես եւ թե՛ իրաւական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե՜ ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե՛ ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «և՛ և՛»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ոչ սա, ո՛չ նա։ Կամ էլ մեկուսացման առումով՝ թե՛, թե՛:
Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։
Նախագահ Պուտինը դեռեվս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում:
Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է:
«ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։
ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե ավելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա աւելի համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրաւական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր