Ընդդիմությունը նախագահ ընտրեց, բայց ոչ լեգիտիմ

Հայաստանի ընդդիմադիր ուժերը հերթական անգամ ցույց տվեցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք երբևէ հասնեն իշխանության կամ խորհրդարանում մեծամասնություն ունենան: Խորհրդարանում ոչ իշխանական ուժերը մեծամասնություն ունեն միայն հաշվիչ հանձնաժողովում: Եվ այսօր նրանք հրավիրելով հաշվիչ հանձնաժողովի նիստ՝ ցույց տվեցին, թե ինչպես են իրենց դրսևորում, երբ հայտնվում են մեծամասնության մեջ:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները նիստ էին գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքների օրինականությունը և կազմակերպչական հարցեր:

Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում քվեարկության դրվեց Հայաստանի կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» փոխանցելու հարցը: Քվեարկությունը տեղի ունեցավ ոչ էլեկտրոնային եղանակով`ձեռքերը բարձրացնելու միջոցով: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի չորս անդամներ, ովքեր ներկայացնում էին ոչ իշխանական խմբակցությունները, չմասնակցեցին ձայների հաշվմանը և դուրս եկան դահլիճից: Այսօր հանձնաժողովի այդ նույն չորս անդամները որոշում կայացրեցին, որ քվեարկության արդյունքները վավերական չեն, քանի որ հաշվիչ հանձնաժողովը նիստ չի գումարել: Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ նրանք որոշեցին, որ հանձնաժողովը պետք է ղեկավարի ոչ թե ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, այլ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով մինչ այս հանձնաժողովի քարտուղարն էր: Չնայած նիստը տևեց ընդամենը 15 րոպե, բայց այդ ընթացքում իրենց ընդդիմություն հայտարարած և Սահմանադրության ու օրենքների պաշտպանության դիրքերից հանդես եկող պատգամավորները թույլ տվեցին Սահմանադրության և օրենքների առնվազն մի քանի խախտում:

Սկսենք նրանից, որ թեև հանձնաժողովի անդամները համարում են, որ իրենք հանձնաժողովի նախագահ են ընտրել Լյուդմիլա Սարգսյանին, սակայն իրականում այդ ընտրությունն ապօրինի էր, իսկ հանձնաժողովի նախագահը՝ ոչ լեգիտիմ: Խնդիրն այն է, որ Լյուդմիլա Սարգսյանն իր թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց՝ ասելով, թե դա, միևնույն է, ոչինչ չի որոշում: Բայց ԱԺ Կանոնակարգ-օրենքի 24 հոդվածի չորրորդ կետի զ) ենթակետում պարզ գրված է. «Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին»: Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 7 է, կեսից ավելին՝ նշանակում է, որ Սարգսյանի թեկնածության օգտին պետք է քվեարկեր առնվազն չորս հոգի, մինչդեռ քվեարկեց երեքը:

Քանի որ Լյուդմիլա Սարգսյանը հանձնաժողովի նախագահ ընտրվելուց առաջ այդ հանձնաժողովի քարտուղարն էր, նրա՝ նախագահ հռչակվելուց հետո քարտուղարի տեղը թափուր մնաց, և Սարգսյանն առաջարկեց քարտուղար ընտրել «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանին: Սակայն Պողոսյանը հայտարարեց, որ ինքն ավելի արժանի թեկնածու է համարում Արծվիկ Մինասյանին: Բայց նա ևս համառորեն հրաժարվում էր լինել իրեն սպառած և չգործող հանձնաժողովի քարտուղար: Չօգնեցին նույնիսկ Լյուդմիլա Սարգսյանի թախանձագին խնդրանքները, որ որևէ մեկը համաձայնի լինել քարտուղար: Ի վերջո, Արծվիկ Մինասյանն այդ նիստը վերջնական զավեշտի վերածեց՝ առաջարկելով հանձնաժողովի քարտուղար ընտրել նիստից բացակայող ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին:  Հանձնաժողովի անդամներին թվաց, թե իրենք շատ հնարամիտ լուծում են գտել: Նրանք քվեարկությամբ որոշեցին հանձնաժողովի քարտուղար ընտրել Իշխան Խաչատրյանին: Որոշումն ընդունվեց միաձայն: Նման ապօրինի որոշում չկայացնելուն չօգնեց անգամ այն զգուշացումը, որ Խաչատրյանը բացակայում է նիստից: Արծվիկ Մինասյանի և մյուսների համար դա շատ երկրորդական հանգամանք թվաց:

Ըստ Սահմանադրության՝ ընտրելը և ընտրվելը մարդու իրավունքն է. այսինքն՝ որևէ մեկը չի կարող մարդուն պարտադրաբար`առանց իր կամքը հարցնելու, ընտրել որևէ պաշտոնում: Բայց կարծում ենք՝ անիմաստ է լրջագույն իշխանափոխություն իրականացնող մարդկանցից պահանջել հարգել մարդու սահմանադրական իրավունքները: Մի խոսքով, այս մարդիկ ընտրեցին նախագահ՝ օրենքը խախտելով, ընտրեցին քարտուղար՝ Սահմանադրությունը խախտելով: Պետք էր տեսնել միայն, թե այդքանից հետո ինչպիսի երջանիկ տեսք ունեին նրանք:

Բարեբախտաբար, այս նիստը շատ կարճ տևեց: Եթե մի փոքր էլ երկարեր, նրանք կարող էին չեղյալ հայտարարել ԱԺ նախագահի, գլխավոր դատախազի և ՎՊ նախագահի ընտրությունները և նրանց փոխարեն ընտրել իրենց ուզած մարդկանց՝ առանց նրանց կամքը հաշվի առնելու:

Հեղափոխական ընդդիմությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանափոխությունը նախապես շատ լավ ծրագրավորված է եղել, ուղղակի իրագործողները կամ ծախվել են իշխանությանը, կամ գործել են՝ ոչ ըստ նախապես տրված հրահանգների: Որոշված է եղել, որ հանձնաժողովի նախագահ պետք է ընտրվի Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը:

Ըստ նույն աղբյուրի, իրենց համար անակնկալ էր, որ Սարգսյանը ձեռնպահ է քվեարկել, իսկ Թևան Պողոսյանի հրաժարվելը բացատրում են նախագահական նստավայրից իջեցված հրահանգով: Ըստ նույն աղբյուրի՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ևս կապված է իշխանության հետ, և նա ևս օժանդակել է, որ ընդդիմության լուրջ գործողությունը դառնա զավեշտի ու ծիծաղի առարկա:

Ահա այսպես իշխանությունը հերթական անգամ տապալեց ընդդիմության իշխանափոխությունը՝ այն դեպքում, երբ թվում էր, թե ոչինչ չի խանգարում ընդդիմությանը՝ վերցնել իր գործառույթներն ավարտած և ոչ մի լիազորություն չունեցող ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար կազմը:

Տեսանյութեր

Լրահոս