Թուրքիան պլանավորել է Apple-ից գնել ավելի քան 10 միլիոն iPad պլանշետ

AppleInsider-ի փոխանցմամբ՝ Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը 2014 թվականի փետրվարին ժամանելու է Թուրքիա, ուր անձամբ ներկա է գտնվելու Apple Store ֆիրմային խանութի բացմանը: Մոտ 2000 քառակուսի մետր տարածքով, ապակեպատ այդ խանութը բացվելու է Ստամբուլում:

Սակայն խանութի բացումը չի հանդիսանում Կուկի թուրքական այցի գլխավոր պատճառը: Աղբյուրները հայտնում են, որ Կուկը հանդիպելու է անձամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպման նպատակը Fatih նախագծի քննարկումն է:

Խոսքը գնում է Թուրքիայի կրթական համակարգում որոշակի բարեփոխում անել ենթադրող նախագծի մասին: Թուրքիան պլանավորել է ուսումնական հաստատությունների համար Apple-ից գնել 10.6 միլիոն iPad պլանշետ, որոնք կփոխարինեն դասագրքերին, տետրերին և գրենական այլ պիտույքների:

Պլանավորված է հետագայում այդ ցուցանիշն ավելացնել ևս 2-2.5 միլիոն սարքով: Ընդհանուր առմամբ, նախագիծը պետք է իրականացվի 4 տարում, որոնց ընթացքում Թուրքիան պլանշետների գնման վրա կծախսի 3-4 միլիարդ դոլար: Վիթխարի գործարքի մանրամասները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն Կուկի թուրքական այցից հետո:

Տեսանյութեր

Լրահոս