Տատյանա Վալովայա. Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելը չի անդրադառնում ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի վրա. news.am
News.am-ը հրապարակել է Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հարցազրույցը, որը ներկայացնում ենք հատվածաբար.
– Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ իր ներածական խոսքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նշել էր Ղազախստանի հատուկ կարծիքի մասին` կապված Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» հաստատելու հետ: Ի”նչ հատուկ կարծիքի մասին է խոսքը:
– Ինչպես գիտեք, Ղազախստանի նախագահը իր ներածական խոսքում նշել է Հայաստանի` ՄՄ-ին ու ՆՏՏ-ին անդամակցելու պատրաստակամությունը և դրա հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունը: Քննարկման արդյունքում Ղազախստանի նախագահը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մյուս մասնակիցների հետ միասին ստորագրել է «ճանապարհային քարտեզն» արտոնելու մասին որոշումը: Ղազախստանից այլ փաստաթղթեր չեն ստացվել:
Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ՄՄ-ն ու ՄՏՏ-ն տնտեսական կառույցներ են: Մենք քաղաքական միություն ստեղծելու ծրագրեր չունենք, համապատասխանաբար, Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելը չի անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա:
Ընդհանուր առմամբ, նախագահների մակարդակում կառուցողական քննարկման արդյունքում կարելի է փաստել, որ Հայաստանը մոտենում է ՄՄ-ին ու ՄՏՏ-ին շատ արագ տեմպերով: Անդամակցելու մասին առաջին հայտարարությունից մինչեւ «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը անցել է 4 ամիս: Համեմատելու համար`Ղրղըզստանի «ճանապարհային քարտեզը» քննարկում ենք արդեն ավելի քան երկու տարի: Հուսով եմ, որ ՄՄ ու ՄՏՏ անդամ-պետությունների փոխգործակցությունը Հայաստանի հետ շատ ակտիվ կլինի: