
Ուկրաինան չի պնդում վերանայել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. Նիկոլայ Ազարով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը չի պնդում վերանայել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ազարովը վստահ է, որ Ուկրաինայի կառավարությունը, Ասոցացման համաձայնագրի հարցում դադար վերցնելով, ընդունել է հարկադրված և կշռված որոշում.
«Բանակցային գործընթացը շարունակվում է, մենք չենք պնդում վերանայել համաձայնագիրը: Խոսքը գնում է դրա կիրառման մասին: Անհրաժեշտ է նվազեցնել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ներդրումից բխող ռիսկերը»:
Ազարովը հավելել է, որ նախօրեին Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է Ուկրաինայի ու ԵՄ-ի հետ քննարկել Ուկրաինայի եվրաինտեգրման հետ կապված հարցերը: