
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը այսօր կրկին քննարկում են անցկացրել

168.am-ի տեղեկություններով` խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն այսօր էլ համատեղ նիստ են անցկացրել` քննարկել են հետագա անելիքները: Նիստին ներկա են գտնվել ոչ միայն Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, այլև` խմբակցությունների մյուս պատգամավորները: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են վաղը սպասվելիք Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի անելիքները:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ քանի որ հանձնաժողովին ոչ իշխանական ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, ըստ ԱԺ կանոնակարգի իրավունք ունեն արտահերթ նիստ հրավիրել: «Հանձնաժողովի չորս անդամները նիստ են հրավիրում` չորս հոգով ոչ թե մեկ երրորդն են, այլ կեսից ավելին: Իհարկե, հնարավոր է փորձեն նիստը բոյկոտել մնացած անդամները, բայց այս պարագայում նիստն ամեն դեպքում պետք է կայանա, որովհետև կա քվորում, ուստի նիստն օրինական է լինելու: Նիստի ընթացքում պետք է անդրադառնալ կատարվածին, ու պետք է հանձնաժողովն արձանագրի, որ քվեարկությունն անցավ կոպիտ խախտումներով»:
Ավելի մանրամասն 168 ժամի վաղվա տպագիր համարում: