Հունաստանի ԱԳՆ-ն անիմաստ է համարում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ քննարկում սկսելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի ԱԳՆ-ը իմաստ չի տեսնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ որևէ քննարկում սկսելու համար, եթե Անկարան չճանաչի Կիպրոսի Հանրապետության գոյությունը:

Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը նման կերպ է մեկնաբանել Հետընդունման մասին Եվրահանձնաժողովի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ իրենք չեն ճանաչում Կիպրոսի գոյությունը:

Կուտրասը հայտարարել է. «ԵՄ-ը, որին ինտեգրվել ձգտում է Թուրքիան և որի հետ նա օրեր առաջ ստորագրել է Հետընդունման մասին համաձայնագիր, բաղկացած է 28 հավասարազոր պետությունից, այդ թվում նաև Կիպրոսի Հանրապետությունից, որոնք մտնում են նաև եվրոգոտու մեջ:

Եթե Թուրքիան չի հասկանում և չի ընդունում այդ պարզ ու հիմնարար փաստերը, ապա գործնականում իմաստ չկա որևէ կոնկրետ քննարկում սկսել նրա եվրոպական հեռանկարի շուրջ»:

Հունաստանը 2014 թվականի հունվարի 1-ից նախագահելու է ԵՄ-ում:

Տեսանյութեր

Լրահոս