
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի շրջանների գազաֆիկացումը կշարունակի մինչև 2017 թվականը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը Վրաստանի շրջանների գազաֆիկացումը շարունակելու է մինչև 2017 թվականը: Գազաֆիկացման գործընթացը շարունակվելու է երեկ Վրաստանի կառավարության ու SOCAR-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում:
Այն ստորագրել են Վրաստանի էներգետիկայի ու էկոնոմիկայի նախարարներ Կախա Կալաձեն ու Գիորգի Կվիրիկաշվիլին և SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը: Նոր համաձայնագրի շրջանակներում SOCAR-ը մինչև 2017 թվականը Վրաստանում գազաֆիկացնելու է հավելյալ 100.000 տնտեսություն: Բացի այդ, մշակվել է 2014 թվականին երկրի գազաֆիկացման պլանը:
Աբդուլաևը հայտարարել է, որ իրենց աջակցում է Վրաստանի կառավարությունը, և իրենք մտադիր են ամբողջովին կատարել ստանձնած պարտավորությունները: Կվիրիկաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի համար դա շատ կարևոր սոցիալական նախագիծ է: Նա հավելել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի կարևոր ներդրումային գործընկերը: