
Կիմ Չեն Ինը զորքերին կարգադրել է պատրաստ լինել առանց զգուշացման պատերազմ սկսելուն. Renhap

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Նամպհո նահանգում տեղակայված Կորեական ժողովրդական բանակի 526-րդ զորամաս, ինչը համընկել է նրա հոր և երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրին «մեծ ղեկավար» հռչակելու հերթական տարեդարձին:
Կիմ Չեն Ինը զինվորականներին կարգադրել է պատրաստ լինել առանց զգուշացման պատերազմ վարելուն: Այս մասին հայտնել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Կիմ Չեն Ինի այցելած 526-րդ զորամասում ժամանակին ծառայել է «հանրապետության 57 հերոս», որոնք մասնակցել են 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:
Զորամասի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ բանակը մշտապես պետք է հիշի Կիմ Չեն Իրին «մեծ ղեկավար» հռչակելու օրը, քանի որ նա ԿԺԴՀ-ը վերածել է «համաշխարհային մակարդակի ռազմական տերության»:
Ծանոթանալով զինվորների պայմաններին՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է. «Մի՛ մոռացեք, որ չի կարելի հայտարարել, թե մենք երբ ենք պատերազմ սկսելու և շարունակե՛ք պատրաստվել մարտի»: