Նախախորհրդարանը Մաշտոցի պուրակում դրամահավաք է կազմակերպում
«Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արի՛ Մաշտոցի պուրակ և շպրտիր՛ «գռոշդ» հանցագործ իշխանության անպատկառ երեսին: Նախախորհրդարանի մի խումբ անդամներ, նախկինում՝ դեղին սաղավարտավոր ապամոնտաժողներ, հայտարարում են Դրամահավաք, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-18.00, Մաշտոցի պուրակում:
Մաշտոցի պուրակի պայքարից երկու տարի անց որոշ ապամոնտաժողներ դեռ ենթարկվում են պատժիչ մեթոդների, նրանց բանկային հաշիվները կալանքի տակ են դրվում, նրանցից հարկադրաբար գանձվում են տուգանքներ:
Այս դրամահավաքը կծառայի Մաշտոցի պուրակի պայքարի մասնակիցներին որպես աջակցություն: Այս խորհրդանշական դրամահավաքով Դեղին սաղավարտավոր ապամոնտաժողները ցանկանում են քաղաքացիական դաշտում հիմնել հալածյալների հանրային աջակցության մշակույթ: Մենք կարևորում ենք հանրային շահի պաշտպան ակտիվիստներին ցուցաբերվող հանրային աջակցությունը ի ցույց իշխանության, քանի որ ժամանակն է, որ հանրությունը տեր կանգնի բոլոր նրանց, ովքեր այս կամ այլ կերպ տույժերի են ենթարկվում: Քաղաքացիների նվիրաբերած խորհրդանշական գումարը ցույց կտա հանցավոր իշխանությանը, որ քաղաքացիական հասարակությունը մեկ բռունցք է և դրանով իսկ՝ անպարտելի»: