Վրաստանը հաստատել է 2014 թվականին ԵՄ-ի հետ համագործակցության պլանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գծով պետական հանձնաժողովը հաստատել է 2014 թվականի գործողությունների պլանը: Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել այսօր, կառավարության գրասենյակում: Այն նախագահել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ որոշվել է արագացված տեմպերով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ դա տեղի կունենա 2014 թվականի ամռանը:
Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են ամեն տիպի արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների. «Կարծում եմ, որ ոչ ոք չի կանգնեցնի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ այդպիսին է Վրաստանի կառավարության ու ժողովրդի ամուր կամքը, ինչին ԵՄ-ը աջակցում է ոչ միայն հայտարարություններով, այլև՝ կոնկրետ գործողություններով»: