Ուսուցչի տները կսեփականաշնորհվեն

Անցնող տարում Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պետական բնակարային ֆոնդի գույքագրում, հաշվառում, ստեղծվել է հաշվառման բազա, մշակվել ռազմավարություն: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այս ամենի արդյունքում առաջիկայում կլուծվեն շատ կարևոր սոցիալական խնդիրներ՝ պետական բնակֆոնդում բազմաթիվ շենքեր կան, որտեղ տարիներ շարունակ ապրում են անապահով ընտանիքներ, բռնագաղթածներ, նրանք կկարողանան իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել /օրինակ՝ Ուսուցչի տներում ապրողները/:

«Այս գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի հսկողության ներքո»,- նշեց Ա.Սահակյանը:

Պետական բնակֆոնդում հաշվառվել է 323 միավոր անշարժ գույք, որից 50-ը՝ հանրակացարան, 49 ուսուցչի տուն, 13 բնակարան, 16 ծառայողական բնակարան, 30 բնակելի տուն, 153 բազմաբնակարան շենքերում բնակարաններ, 2 հյուրանոց, 6 ննջարանային մասնաշենք, 4 այլ նշանակության օբյեկտ: Ամբողջը՝ 399հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով:

ՊԳԿ պետը նշեց, որ 2013թ. կառավարության որոշումներով Ադրբեջանից բռնագաղթած 54 ընտանիքներ սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած 61 սենյակները: 123 տեղաբնակ ընտանիքների համար զբաղեցրած 140 սենյակների նվիրատվության որոշումներ են կայացվել, ևս մի քանի նախագիծ կառավարությունում է:

Տեսանյութեր

Լրահոս