Բաժիններ՝

2013-ը պետական գույքի կառավարման ոլորտում եղել է արդյունավետ աշխատանքի տարի. Արման Սահակյան

2013-ը պետական գույքի կառավարման ոլորտում եղել է արդյունավետ աշխատանքի տարի: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նա հայտնեց, որ պետական գույքի մասնավորեցումից 2013թ. գոյացել է ավելի քան 447 մլն դրամ (2012-ին՝ 353մլն դրամ), պետական գույքի օտարումից՝ 1մլրդ 260մլն դրամից ավելի, (անցյալ տարվա ցուցանիշը գերազանցվել է 56 տոկոսով), վարձակալությունից` 293մլն դրամից ավելի (37 տոկոսով): Լուծարման հանձնաժողովների գործունեության արդյունքում մարվել է շուրջ 51մլն դրամ կրեդիտորական պարտք, անցյալ տարի՝ մոտ 43 մլն դրամ: Լուծարման գործընթացում են 59 կազմակերպություն: 2013թ. ՊԳԿ վարչության հարուցած հայցերի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 73մլն դրամ գումար:

Ա.Սահակյանը նշե, որ մշակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու նոր կարգը. «Որոշմամբ սահմանվում են միասնական մոտեցումներ, հստակ մեխանիզմներ վարձակալության գործընթացների կազմակերպման, վարձավճարների մեծության հաշվարկման, կիրառման հարցում: Գործընթացը դարձել է հրապարակային և թափանցիկ` գույքը ուղղակի ձևից բացի նաև մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելու շնորհիվ: Այս կարգը նպաստելու է ներդրումների ներգրավմանը և այդ ճանապարհով նաև՝ պետական գույքի բարելավմանը: Վարչական քաշքշուկները բացառելու նպատակով գործառույթը, ինչպես նաև՝ աճուրդների ու մրցույթների կազմակերպումը, պայմանագրերի կնքումն ու պարտավորությունների վերահսկողությունը կենտրոնացվել են ՊԳԿ վարչությունում»:

Որոշումներ են կայացվել նաև ՊՈԱԿ-ներին ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգի մասին: 2013 թվականի ընթացքում վարչություն է ներկայացվել 111 ՊՈԱԿ-ների ամրացված անշարժ գույքից մինչև մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածք տրամադրելու 155 հայտ, արդյունքում տարեկան ՊՈԱԿ-ների բյուջե կմուտքագրվի մոտ 107 մլն դրամ: Իսկ նախորդ երկու տարում միասին վերցրած՝ /2011-2012թթ/. 187 պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության մուտքերը կազմել են ընդամենը 93մլն դրամ:

Սահակյանի խոսքով՝ մեկ այլ որոշմամբ ընդունվել է կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգը: Ըստ ուսումնասիրության, մարզերի` պետական սեփականություն հանդիսացող կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման կամ նոր շինարարության համար կպահանջվի մոտ 148 մլրդ դրամ` ինչպես պետբյուջեից, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս