Բաժիններ՝

Բաց նամակ. Հանցավոր ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսինը

Քաղաքացի Սուսաննա Ասատրյանը բաց նամակ է տարածել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին և Զանգվածային լրատվամիջոցներին, որը ներկայացնում են ստորև.

«Մեծարգո պետական այրեր, հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ամիսներ շարունակ դիմում եմ Ձեր օգնությանը` ակնկալելով պատասխան առաջին հայացքից պարզունակ թվացող հարցին`հանցավոր ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսին Մարտին Ծերունյանը, ինչի” համար է ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննիչ Մկրտչյանը նրան մեղադրանք առաջադրել, որո”նք են նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցները, որոնց համակցությունը հիմք է հանդիսացել նրան գործով մեղադրյալ ներգրավելու համար, դատական ատյաններում փաստական ի”նչ հանգամանքներ են հետազոտվում, որոնք հիմնավորում են Մ. Ծերունյանի առնչակցությունը որևէ հանցագործության հետ և ինչո”վ է պատճառաբանվում նրան կալանքի տակ պահելու հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը:

Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:

Խնդրում են գոնե մի անգամ կարդացեք Մ. Ծերունյանի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը որոնցում այլ անձանց կողմից կատարված գործողությունների շարադրանքից հետո պատճառաբանվում է, որ Մ Ծերունյանին պետք է մեղադրանք առաջադրել, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը և արդեն յոթ ամսից ավել պահել անազատության մեջ:

Մեծարգո պարոն նախագահ ևս մեկ անգամ դիմելով Ձեզ` հայցում եմ Ձեր  հանձնարարականը համապատասխան կառույցներին` ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Մ. Ծերունյանի նկատմամբ անօրինություններին վերջ տալու ուղությամբ:

Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ ոստիկանապետ, խնդրում եմ անձամբ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքին և դրա հիմնավորվածությանը, ձեր լիազորությունների ուժով հանձնարարել ապահովել նախաքննության օրինականության պահպանումը և դադարեցնել Մ. Ծերունյանի  նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ՀՀ քաղաքացի Մ. Ծերունյանի խաթարված իրավուքների վերակագնման և իմ դիմումների գրավոր պատասխանների ստացման ուղությամբ:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին խնդրում եմ իմ ամուսնու` Մարտին Ծերունյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները դարձնել քննարկման առարկա և ապահովել դրա մատչելիությունը հասարակության համար, քանի որ նույն հաջողությամբ այդ ամենի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ: Հավաստիացնում եմ, որ իմ ամուսնու վերաբերյալ կազմված դատաիրավական փաստաթղթերում նրա անձնական տվյալների փոխարեն ցանկացած այլ անձի տվյալներ զետեղելու դեպքում դրանք նույնքան պատճառաբանված և հիմնավորված կլինեն, որքան որ Մ. Ծերունյանի դեպքում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս