ԵՄ-ը բեռնարգելք է դրել ԿԱՀ-ին զենք մատակարարելու վրա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր արգելք է դրել ԿԱՀ-ին զենք և ռազմական սարքավորում մատակարարելու վրա: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհուրդը: Վերջինիս հաղորդմամբ՝ ԵՄ-ը նման քայլի է գնացել դեկտեմբերի 5-ին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած թիվ 2127 բանաձևին համապատասխան:
Զենքի մատակարարման հարցում բացառություն են կազմելու այն դեպքերը, երբ այդ օգնությունը հատկացվելու է ԿԱՀ-ում գործող միջազգային խաղաղապահ ուժերին՝ ներառյալ MISCA-ն ու ֆրանսիական զորքերը, որոնք ԿԱՀ-ում գործում են ՄԱԿ-ի բանաձևին համապատասխան:
Դեկտեմբերի սկզբին ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում բախումներ են գրանցվել «Սելեկա» խմբավորման զինյալների ու նրանց դիմակայող քրիստոնյա ապստամբների միջև: Դրա հետևանքով զոհվել է մոտ 600 մարդ, ևս մոտ 159.000-ը հարկադրաբար լքել է իր տունը:
Ներկա դրությամբ, ԿԱՀ-ում գտնվում է 3600 աֆրիկացի (աֆրիկյան տարբեր երկրներից) և 1200 ֆրանսիացի զինծառայող: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք պլանավորել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 1600-ի: Աֆրիկյան միությունն իր հերթին մտադիր է ԿԱՀ-ում գործող իր կոնտինգենտի թվաքանակը հասցնել մինչև 6000 մարդու: