
Մայրաքաղաքում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով շարունակվող ձյան, ինչպես նաև մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները:
Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաև հեռացվում է մերկասառույցը: Դեկտեմբերի 21-ին և 22- ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա:
Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111 տոննա տեխնիկական աղ և շուրջ 250 խմ շլաքային ավազ։
Աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն