Նիկոլ Փաշինյան. Աշոտ Աղաբաբյանը վերցրել է իմ ու Ռուբեն Հակոբյանի գրանցման քարտերը
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում տեղի ունեցած խառնաշփոթը որակեց որպես իշխանության կողմից կատարված անօրինական գործողություն՝ նշելով. «Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ: ԱԺ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է:
Հաշվիչ հանձանաժողովը բաղկացած է յոթ հոգուց, որից չորսը չեն մասնակցել հանձնաժողովի որևէ նիստի և որևէ գործընթացի, այսինքն՝ մենք չունենք քվեարկության արդյունքներ, չունենք վավերացման մասին որոշում»:
Մեր հարցին՝ արդյոք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ականների քարտերը վերցնելու հանգամանքը կարո՞ղ է խնդիր առաջացնել, Ն. Փաշինյանը պատասխանեց, թե Հանրապետական պատգամավորն էլ իրենցից է քվեարկության քարտերը վերցրել:
«ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ վերցրել է իմ ու Ռուբեն Հակոբյանի գրանցման քարտերը: Կարծում եմ, ինքն էլ է դեմ այդ համաձայնագրի վավերացմանը, երևի այդ պատճառով մեր քարտերը տարել է, որ մենք էլ հանկարծ դավաճանաբար կողմ չքվեարկենք,- նկատեց պատգամավորը: