
2013 թվականին ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցվել է որոշակի առաջընթաց. Փանջիկիձե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ 2013 թվականին ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցվել է որոշակի առաջընթաց:
Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունն այս տարի կոնկրետ և ակտիվ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչին Ռուսաստանի կողմից հետևել են ադեկվատ գործողություններ. «Առաջընթաց և դրական դինամիկա է ձեռք բերվել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով ռուս-վրացական ուղիղ երկխոսության ընթացքում:
Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, ցանկանում եմ ընդգծել, որ մենք ողջունում ենք այն բոլոր քայլերը, որոնք կնպաստեն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենում ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության և ի վնաս Վրաստանի ռազմավարական շահերի»: