Իշխանության համար պայքարն իմը չէ. Խոդորկովսկին ասուլիս է տվել Բեռլինում
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին այսօր Բեռլինում կայացած ասուլիսում հայտարարել է , որ ապագայի կոնկրետ ծրագրեր դեռ չունի: «Ես ընդամենը 36 ժամ առաջ եմ ազատ արձակվել: Ես դեռ կմտածեմ եւ կխորհրդակցեմ ընկերներիս հետ, թե հետագայում ինչ եմ անելու»,-նշել է Խոդորկովսկին, հաղորդում է RT-ն:
Նա հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել: «Չեմ պատրաստվում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իշխանության համար պայքարն իմը չէ»,-հայտարարել է նա:
Խոդորկովսկին նաեւ ավելացրել է, թե չի պատրաստվում զբաղվել գործարարությամբ: «Բիզնես վերադառնալու ծրագրեր նույնպես չունեմ: Կարծում եմ` իմ բիզնես գործունության ընթացքում ես հասա այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել»,-նշել է նա:
Թե ինչու, այնուամենայնիվ, ներման խնդրագիր ներկայացրեց հարցին, Խոդորկովսկին պատասխանել է. «Ինձ համար երբեք խնդիր չի եղել խնդրագիր գրելը, քանի որ հասկանելի էր, որ իմ ու ընկերներիս ճակատագիրը Պուտինի ձեռքում է: Առանց նրա ոչինչ չէր փոխվի: Այստեղ հարցը մեղքի ընդունումն էր: Ընդունելով մեղքը` ես կխաղայի նրանց օգտին, ովքեր ասում էին, թե ՅՈՒԿՕՍ-ը հանցավոր խմբավորում է: Ես չէի կարող այդպես վարվել մարդկանց հետ, ովքեր ոչ մի բանում մեղավոր չէին: Միայն դրա համար էի ես վերջին հինգ տարում մերժում խնդրագիր գրելու առաջարկները»: Նա նշել է, որ այս անգամ մեղքն ընդունելու պահանջ իրեն չի ներկայացվել:
Նա նաեւ ասել է, թե չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի դեռ փակված չէ 17 մլրդ ռուբլու տուգանքի հարցը: «Իրավական առումով 550 մլն դոլարի դատական հայցն առաջին գործով փակված չէ, եւ ռուսաստանյան օրենսդրությամբ դա հնարավորություն չի տալիս ինձ արտերկիր մեկնել»,-ասել է նա, փոխանցում է «Газета.Ru»-ն:
Խոդորկովսկու աասուլիսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, որին մասնակցելու համար հավատարմագրվել են լրագրողներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Ուկրաինայից: