Բաժիններ՝

Ամուլսարի համար ներդրումներ ներգրավելը մարտահրավեր էր

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը՝ «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիի հետ

Դեկտեմբերի 2-4-ը Լոնդոնում անցկացվեց ամենամյա Mines & Money կոնֆերանս-ցուցահանդեսը: Եվրոպայի առաջատար հանքարդյունաբերական այս ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Լիդիան ինթերնեյշնլը», որը Հայաստանում՝ իրեն մաս կազմող «Գեոթիմ» ընկերության միջոցով իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը: Ի դեպ, 2011 թվականին «Լիդիանը» շահեց «the Mining Journal»-ի` կոնֆերանսում ներկայացված «Բացառիկ ձեռքբերում» մրցանակը` հենց Ամուլսարի հանքավայրի հայտնաբերման և որոնողահետախուզական աշխատանքների համար:

«168 Ժամը» մի քանի հարց ուղղեց «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիին՝ թե՛ այդ ցուցահանդեսի և դրա արդյունքների, թե՛ Հայաստանում «Լիդիանի» գործունեության և ընդհանրապես հանքարդյունաբերության հեռանկարների վերաբերյալ:

Հանքարդյունաբերական ընկերությունների համար ի՞նչ նշանակություն ունի ամենամյա Mines & Money կոնֆերանս– ցուցահանդեսը, որին մասնակցեցիք Լոնդոնում:

 – 2008 թվականի տնտեսական ճգնաժամից և հանքահումքային ապրանքների գնանկումից հետո վերջին երկու տարում ցանկացած բիզնեսում, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում, ներդրումներ ներգրավելն իսկական մարտահրավեր դարձավ: Հանքարդյունաբերական նախագծերը պահանջում են խոշոր կապիտալ ներդրումներ և բարձր ռիսկային են՝ հաշվի առնելով շուկայի փոփոխականությունը: Բացի այդ՝ նախնական ֆինանսավորում է պահանջվում որոնողահետախուզական աշխատանքների համար, որը ոչ միշտ է երաշխավորում դրական արդյունքներ: Mines and Money լոնդոնյան համաժողովին մասնակցում են աշխարհի մեծ թվով ընկերություններ՝ իրենց նախագծերի համար շուկա գտնելու և աշխարհագրությունը մեծացնելու, նոր ներդրումներ ներգրավելու նպատակով: Ասվածը վերաբերում է ոչ միայն զարգացող, այլև բոլոր այն երկրներին, որտեղ հանքարդյունաբերություն կա. Ավստրալիայից՝ մինչև ԱՄՆ, Շվեդիայից՝ մինչև Կանադա, Մոնղոլիայից՝ մինչև Թուրքիա: Այս բոլոր երկրներն ամեն տարի ներկայացված են Mines and Money-ին: Արդեն 8-րդ տարին է, որ «Lydian»-ը մասնակցում է այդ համաժողովին, և մենք չափազանց հպարտ ենք, որ 2011-ին «Լիդիանը» շահեց «the Mining Journal»-ի` կոնֆերանսում ներկայացված «Բացառիկ ձեռքբերում» մրցանակը` Ամուլսարի հանքավայրի հայտնաբերման և որոնողահետախուզական աշխատանքների համար: Մեծ պատիվ էր, Ամուլսարի գծով «Lydian»-ի և «Գեոթիմի» աշխատանքը գնահատվեց՝ հնարավորություն տալով Հայաստանը ներկայացնել՝ որպես հեռանկարային հանքարդյունաբերական ուղղություն:

Հայաստանում վերջին 2 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները պակասում են՝ թե՛ բիզնես միջավայրի, թե՛ տարածաշրջանի անկայունության պատճառով: Ի՞նչը Ձեզ ստիպեց նման նախագիծ նախաձեռնել Հայաստանում:

 – Հանքարդյունաբերությունը երկարաժամկետ գործունեություն է, և բոլոր մասնակիցները, այդ թվում՝ կառավարությունները, պետք է կարողանան դիտարկել երկարաժամկետ հեռանկարը՝ կտրվելով կարճաժամկետ տնտեսական ցիկլի դիտարկումից: «Lydian»-ն Ամուլսարի հանքավայրը բացահայտել և գրանցել է 2006 թվականին և այդ ժամանակից ի վեր աշխատում է այդ նախագծի վրա՝ անցնելով թե՛ լավ, թե՛ վատ միջազգային տնտեսական ժամանակներով: Հայաստանում «Գեոթիմն» աշխատում է տեղացի բարձր պրոֆեսիոնալների՝ երկրաբանների, ճարտարագետների, բնապահպանության մասնագետների թիմով: Հայաստանը, սակայն, միջազգային շուկաներում այնքան էլ հայտնի ուղղություն չէ, և հաճախ հարցեր են հնչում այնտեղ աշխատելու դժվարությունների և մարտահրավերների վերաբերյալ: Այո, կան որոշ մարտահրավերներ, որովհետև միջազգային շուկաներում ցուցակված ընկերությունների հետ աշխատանքի փորձը Հայաստանում մեծ չէ, մասնավորապես՝ առավելագույն թափանցիկության և լավագույն փորձի կիրառման պահանջի ընկալման առումով: Մասնավոր ներդրողներից և կառույցներից շատերը, որոնք ներդրում են կատարել Ամուլսարի նախագծում, շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, և անգամ փոքր անորոշությունը երկրում կարող է անվստահության պատճառ դառնալ կամ նվազեցնել ծրագրին մասնակցելու ցանկությունը: Այդուհանդերձ, «Lydian»-ը հուսով է, որ Ամուլսարի նախագիծը կարող է դառնալ Հայաստանի համար լավ «դեսպան» և ցույց տալ տեղական նախագծերում միջազգային ներդրումներ ներգրավելու երկրի պատրաստակամությունը: Նման դրական փորձը, հուսով ենք, օգտակար կլինի հանքարդյունաբերության և այլ ոլորտների այն միջազգային ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:

– Դուք նշել էիք, որ «Լիդիանը» հսկայական ջանքեր է ներդրել Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ: Կա՞ն արդյոք արդեն արձանագրված հաջողություններ այդ ուղղությամբ:

 – Կրկին շեշտեմ, որ Հայաստանը միջազգային հանքարդյունաբերական և ֆինանսական շուկաների համար հիմնականում անհայտ և նոր ուղղություն է: Կան արդեն ավանդույթի ուժով ձևավորված հայտնի հանքարդյունաբերական ուղղություններ՝ ներդրումների համար, ինչպես, օրինակ, Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը, Չիլին, Պերուն և այլն: Հայաստանն առայժմ այս ցանկում չկա: Կան նաև այս առումով մեծ շուկա մուտք գործող հանքարդյունաբերական երկրներ՝ ինչպես Մոնղոլիան և Թուրքիան: 2006 թվականին, երբ «Lydian»-ը ներկայացրեց Ամուլսարի նախագիծը, շատ քչերը գիտեին Հայաստանի և տեղի պայմանների մասին: Հաճախ նույնիսկ հարկ էր լինում նախապես քարտեզի վրա ցույց տալ երկիրը: Այսօր արդեն 16 միջազգային բանկեր են այցելել Ամուլսարի նախագծին ծանոթանալու համար. Այդ թվում՝ այնպիսի առաջատար ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են

BNP Paribas-ը, Natixis-ը, ING-ը, Societe Generale-ը և HVB Unicredit-ը: «Lydian»-ն նաև ունի մեծ թվով խոշոր միջազգային բաժնետերեր, որոնցից շատերը նույնպես այցելել են Ամուլսար: Խոշորագույն բաժնետերերի թվում են Franklin Templeton, Sprott Asset Management և Amber Capital ֆոնդերը:  Ընկերությունը շարունակաբար ներկայացնում է իր նախագիծը, և դա անուղղակի ազդեցություն ունի նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով: Այնպես որ, «Lydian»-ը վստահ է, որ Ամուլսարի նախագծի հաջողությունն ավելի մեծ վստահություն կներշնչի միջազգային ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանի այլ տնտեսական ոլորտներում:

Հաճախ նշվում է, որ «Լիդիանը»՝ Ամուլսարի ծրագրով, կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ճիշտ» հանքարդյունաբերության զարգացմանը: Ո՞րն է այն երաշխիքը, որ «Լիդիանը» կարող է դա անել:  

 – Մեր երկու խոշորագույն բաժնետերերից են Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), և «Lydian»-ը պարտավոր է հետևել նրանց կատարողականի պահանջներին ու չափանիշներին: Իսկ այս երկու կառույցները չափազանց խիստ կանոններ և կարգավորումներ են սահմանում այն նախագծերի համար, որոնք ֆինանսավորում են:  Սակայն միայն դրանով չէ պայմանավորված: Ընկերությունն ինքը պարտավորություն է ստանձնել՝ բնապահպանական և սոցիալական պատասխանատվության առումով, որը մշտապես արտացոլվել է նրա գործունեության 8 տարվա ընթացքում, ավելի վաղ, քան վերը նշված կառույցները դարձել են բաժնետերեր:

Դեռևս շահագործումը չսկսած՝ «Lydian»-ն արդեն իսկ հսկայական ջանքեր և ռեսուրսներ է ներդնում բնապահպանական և սոցիալական ծրագրերում և ազդակիր համայնքներում: Մինչ օրս շուրջ 3.5 միլիոն դոլար է ծախսվել բնապահպանական տարբեր ուսումնասիրությունների վրա, տարեկան 400 հազար դոլար հատկացվում է համայնքներում սոցիալական զարգացման ծրագրերին:  2013 թվականի երկրորդ կեսին ընկերությունը զգալի միջոցներ և ժամանակ է ներդրել վերականգնողական գործունեությանը. մասնավորապես, այն հողերի վերականգնման և ռեկուլտիվացիայի ուղղությամբ, որոնք նախագծի հետագա զարգացման ընթացքում չեն օգտագործվելու:

Բանկերը և միջազգային կառույցները, որոնք ներդրումներ են կատարում ժամանակակից հանքարդյունաբերական նախագծերում, ունեն սեփական ներքին քաղաքականությունը՝ վստահ լինելու համար, որ իրենց կողմից ֆինանսավորվող նախագծերն իրականացվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան: Սակայն միայն արտաքին ճնշումը չէ, որ ստիպում է «Lydian»-ին և միջազգային ցուցակված մյուս ընկերություններին՝ պատասխանատու վարքագիծ դրսևորել. պատասխանատու պահվածքը, ընդհանուր առմամբ, բարձրացնում է նաև ընկերության արժեքը: Ճիշտ աշխատանքը դրական է ազդում ընկերության հեղինակության վրա, իսկ այդ հեղինակությունը կարող է նպաստել հետագա բիզնես գործունեությանը՝ ոչ միայն ընկերության, այլ նաև այն երկրի համար, որտեղ գործում է ընկերությունը: Այսպիսով՝ զգալի ներդրումներ կատարելով բնապահպանական կառավարման մեջ և համայնքային սոցիալական նախագծերում՝ «Lydian»-ը՝ որպես ցուցակված ընկերություն, ի ցույց է դնում իր պատասխանատվությունը և Հայաստանում լավագույն փորձը ներդնելու իր պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս