Նրանք հանձնում են պետությունը

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում, ավելին էր, քան սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը: Երեկ Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները, բառի գրեթե ուղիղ իմաստով` կրծքով պաշտպանում էին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» հանձնելու և արդյունքում վերջինիս` Հայաստանում անսահմանափակ լիազորություններով օժտելու համաձայնագիրը:

ԱԺ ընդդիմադիր ու անգամ այլընտրանքային ԲՀԿ-ի պատգամավորները բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ապացուցում էին, որ այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը նվաստացնող, մեր ինիշխանությունը ռուսական առևտրային ընկերությանը ստորադասող փաստաթուղթ է, որի ընդունումն անթույլատրելի է: Իշխող մեծամասնությունը, սակայն, երեկ վերջնականապես ապացուցեց, որ հանուն ռուսական շահի սպասարկման ու դրա արդյունքում՝ իշխանության պահպանման` պատրաստ է վաճառել առանց բացառության ամեն ինչ՝ անձնական արժանապատվությունից` մինչև պետական արժանապատվություն ու ինքնիշխանություն:

«Ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին ՀՀ-ն ստանում է գա՞զ, թե՞ որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք, և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ»,- ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան` հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որն իրականում կարելի է համարել իշխանության դիրքորոշումը Հայաստանի համար ճակատագրական այս խնդրի վերաբերյալ:

Այսինքն՝ իշխանությունը բաց տեքստով հայտարարում է, որ հանուն փողի (էժան գազի կամ պարտքի մարման)` կարելի է դիմել ցանկացած քայլի, կարելի է վաճառել ամեն ինչ: Սա է այն հավաքական մտածողությունը, որով առաջնորդվում է Հայաստանի իշխանությունը: Սա որքան էլ տհաճ, միևնույն ժամանակ, շատ օրինաչափ է այն իշխանության համար, որը տարիներ շարունակ ձևավորվել ու վերարտադրվել է` ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց քվեն, այսինքն՝ արժանապատվությունը գնելու ճանապարհով:

Ի դեպ, չնայած իշխանությունն ամեն կերպ ցանկանում էր այդ համաձայնագրի քվեարկությունը կազմակերպել երեկ, սակայն օրվա վերջում այդպես էլ չկարողացավ դահլիճում քվորում ապահովել՝ ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության պատճառով: Քվեարկությունը տեղի է ունենալու երկուշաբթի օրը և, դատելով երեկվա զարգացումներից, ՀՀԿ-ականների ներկայությունն ապահովելու համար իշխանությունը կարող է գործի դնել այն կարմիրբերետավորներին, ովքեր երեկ բռնություն կիրառելով՝ բերման ենթարկեցին այդ համաձայնագրի դեմ բողոքի ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիական ակտիվիստներին:

Տեսանյութեր

Լրահոս