Գագիկ Ջհանգիրյան. Էլ օբյեկտ մնա՞ց, էսպես վաճառելով որ գնում ենք, վերջը ո՞ւր ենք հասնելու
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե նոր արտաքին պարտք կուտակելու դեպքում ինչո՞վ է վճարելու Հայաստանը: «Էլ օբյեկտ մնա՞ց, էսպես վաճառելով որ գնում ենք, վերջը ո՞ւր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան Արմեն Մովսիսյանն նախ ասաց, թե իրավական առումով գուցե այստեղ խնդիր կա, որովհետև բանակցությունները սկսելիս իրենք մտադրություն չեն ունեցել 20 տոկոս բաժնեմասն անպայման վաճառել և պարտք փակել: Նա նշեց, որ այդ որոշումը բանակցությունների ընթացքում է առաջացել: «Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ էլ ի՞նչ ենք ծախելու, իմ կարծիքով՝ նոր պարտք չպետք է առաջացնել, որ մտածենք՝ ի՞նչ ենք ծախելու»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեց, թե հաջորդ պարտքի դիմաց Հայաստանը տալու է Որոտանը, որովհետև այդ ուղղությամբ է գնում ամեն ինչ, ապա շեշտեց, թե մի քանի տարի անց էներգետիկ համակարգում էլ որևէ բան չի մնա, որով հնարավոր կլինի վճարել պարտքերը: «Էս կառավարությունը ոչ թե պիտի սովորական ծրագիր, բյուջե ներկայացնի, այլ փրկության ծրագիր, որովհետև սենց գնալով՝ մենք վաճառելու ենք մեր պետությունը»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: Ա. Մովսիսյանն էլ պատասխանեց, որ իրենք որևէ խնդիր, պարտավորություն չունեն, իսկ Որոտանը չի կարող ուղղակի լինել գործարքի հետ կապված սուբյեկտ: