
Մաքքեյնը մեղադրել է Օբամային՝ Ռուսաստանի ինքնավստահության մեծացման համար

The Hill-ի փոխանցմամբ՝ սենատոր Ջոն Մաքքեյնը նախօրեին հայտարարել է, որ «կարմիր գծի վերաբերյալ» նախագահ Բարաք Օբամայի դատարկ սպառնալիքներն ավելացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնավստահությունը և Ռուսաստանին հնարավորություն են տվել վարել անկախ քաղաքականություն:
ԱՄՆ Ատլանտյան խորհրդում ունեցած իր ելույթում Մաքքեյնն ընդգծել է, որ Ռուսաստանն ազդեցություն ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ բազում այլ երկրների վրա. «Հենց ԱՄՆ-ի պահվածքն է Ռուսաստանի կայսերական հավակնություններին հաղորդում նոր շունչ և նրան հնարավորություն է տալիս գերիշխել իր հարևաններին:
Նման գերակայումը կապված է վերստին ստացած վստահության հետ, որը միայն աճում է աշխարհի բոլոր մասերում և հատկապես Սիրիայում Օբամայի վարչակազմի կողմից քաղաքական ամուր կամքի բացակայության ֆոնին:
Նախագահ Պուտինը հավելյալ վստահություն է ձեռք բերում կարմիր գծի վերաբերյալ Օբամայի դատարկ խոստումների ֆոնին, իսկ Օբաման ընդհակառակը՝ կորցնում է քաղաքացիների վստահությունը»: