Բաժիններ՝

Հայաստանն այս տարի ունի 14-ից ավելի քաղբանտարկյալ՝ հանձին Շանթ Հարությունյանի և իր ընկերների (տեսանյութ)

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշել է, թե «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում 2013թ. կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանում չկան խղճի բանտարկյալներ, ինչն, ըստ նրա՝ անցնող տարվա ձեռքբերումն էր:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ Հայաստանում տարեցտարի մարդու իրավունքների վիճակը հիմնովին չի փոխվում: Խնդիրն այն է, որ երկրում չկա իշխանության տարանջատում:

«Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են և նրան ենթակա: Մենք չենք կարող արդարություն փնտրել դատարանում, քանի որ դատարան գոյություն չունի: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների մասին»,- հավելել է Ա. Իշխանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 2013-ի լուսավոր իրադարձություն է համարել Մատաղիսի գործով հանիրավի դատապարտվածների արդարացումը 9 տարի պայքարելուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ակտիվությունը տարբեր հարցերում:

Սաքունցի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այնպիսի արհամարհանք, ինչպիսին դրսևորում է Սերժ Սարգսյանի վարչակազմը, չի եղել: «Սարգսյան և իրավական համակարգ հասկացությունները համատեղելի են այնքանով, որքանով համատեղելի են կրակն ու ջուրը կամ մահն ու կյանքը,- ասել է Սաքունցը և օրինակ բերել,- Լիսկայի և իր որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումն այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին»:

Իրավապաշտպանների կարծիքով՝ Հայաստանն այս տարի ունի 14-ից ավելի քաղբանտարկյալ՝ հանձին Շանթ Հարությունյանի և իր ընկերների:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանի կարծիքով՝ ամենից շատ խախտվում են Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

Թադևոսյանի տեղեկացմամբ՝ իրենց հանձնաժողովը 2013թ. ստացել է 210 դիմում: «Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 27 անձնավորություն է, որ մեզ մոտ եկել է ընդունելության: Դիմումները տալիս են, գործունեությունը ծավալվում է, բայց մենք ոչ մի բան անելու իրավունք չունենք»,- ասել է Թադևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս