
Երևանում մայթերի վիճակը կարող էր ավելի լավ լինել. Արմեն Երիցյան

Երևանի փողոցները մերկասառույցից ազատելու և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար աշխատանքներում ներգրավված են նաև ԱԻ նախարարության աշխատակիցները: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետարանի հետ աշխատում են հրշեջ փրկարարները:
«Ես տրամադրել եմ համապատասխան տեխնիկա և սառույցների հետ կապված, և ընդհանուր առամամբ, փողոցների մաքրման աշխատանքների ժամանակ եթե տեխնիկա պետք է լինում, մեր տղաները իրենց հետ միասին անում են ամենը… Ամբողջ ՀՀ տարածքը հսկողության տակ է գտնվում, և փրկարարները օգնություն են ցուցաբերում բոլորին»,- ասաց Ա.Երիցյանը:
Գնահատելով ընդհանուր իրավիճակը Երևանում՝ նախարարը նկատեց, որ կարող էր ավելի լավ լինել: Բայց նաև նշեց, որ ԱԻՆ-ը այլ գործառույթներ ունի:
Դիտարկմանը, որ, փաստորեն, «ավելի լավ Երևան» չունեցանք, Ա.Երիցյանը պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք՝ կտեսնեիք»: