Բաժիններ՝

Կարեն Վարդանյան. Գուցե տարօրինակ թվա, սակայն հաշմանդամները լավագույն աշխատողներն են

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը սկսում է կրթել և աշխատանքի տեղավորել հաշմանդամություն ունեցող անձանց: Այս թեմայի վերաբերյալ այսօր ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

«Միգուցե տարօրինակ թվա կամ՝ ոչ, բայց հաշմանդամները լավագույն աշխատողներն են, որովհետև նրանց աչքը, կոպիտ ասած, դուրսը չէ, հանդիպումների չեն շտապում և այլն: Իմ փորձից կարող եմ ասել, որ մեր փոքրիկ ընկերությունում, որտեղ նախկինում աշխատում էի, Պոլիտեխնիկն ավարտած մի տղա էր աշխատում, նրա օրվա արտադրողականությունն շատ ավելի բարձր էր և շատ անգամ շատ մարդկանցից առավել»,- ասաց Կ.Վարդանյանը` նշելով, որ  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունն սկսում են իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր, որի իրականացման համար մինչև 65% ֆինանսավորումը (մոտ 14 մլն. դրամի դրամաշնորհը) հատկացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեց, որ իրենք փորձելու ենք օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի  հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկացնեն այս հնարավորություն մասին, սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոչ բոլորը հնարավորություն ունեն այս կամ այն հայտարարություններին հետևելու, իրենք այս հարցում կարևորում են նաև արդեն իսկ զբաղվածությայան կենտրոններում գրանցված աշխատանք փնտրող և հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկացնելը:

«Հնարավոր է և, կարծում եմ, նրանց մեջ ևս կլինեն մարդիկ, ովքեր ունեն արդեն որոշ հմտություններ և նրանց համար ավելի արագ կընթանա այդ վերապատրաստման փուլը»,- ասաց Ջ. Սարգիզովան` նշելով, որ այսպիսով պարզապես սկիզբ է դրվում մի նախաձեռնության, որը պետք է շարունակականություն ունենա: Այսինքն` հաշմանդամություն ունեցող անձն իր զբաղվածության ընթացքում պետք է կարողանա ապացուցել իր տնտեսական այն օգուտը, որը նա կարող է բերել իր գործատուին, որովհետև, ըստ նրա՝ դա է աշխատանքի վայրում ընդգրկվելու համար միակ սկզբունքը:

«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանն ասաց, որ տեխնոլոգիական կրթության իրականացումն իրենց ընկերությունը որդեգրել է դեռևս տարիներ առաջ` 2004 թվականից, և փորձում են տարբեր դպրոցներ և համալսարաններ ավարտած մարդկանց պատրաստել այս ոլորտում աշխատանքի համար:

«Ընկերության մեր այս ամբողջ փորձի հիման վրա ստեղծվել են և տեխնոլոգիաներ, և գիտելիք, և կրթական միջոցներ, որոնք այդ խնդիրն են լուծում: Այսինքն` ուսանողներին կամ դպրոցականներին պատրաստում են ՏՏ ոլորտում աշխատելու համար, ուստի մեր փորձառությունը կկիրառենք նաև այս նոր նախաձեռնության շրջանակներում»,- ասաց Վ. Պողոսյանը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձանց, «Ինստիգեյթ  ուսումնական կենտրոն»-ի փորձառու դասավանդողների օգնությամբ 7- ամսյա դասընթացների ընթացքում և տալ նրանց տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ վեբ ծրագրավորման բնագավառում: Ծրագրի ընթացքում 10-12 լավագույն արդյունքներ ցուցաբերած անձիք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս