
Տոնական գնումները սկսվել են

alttv.am-ը գրում է. Ամանորը մոտենում է, ամանորյա զարդարանքներն ավելանում, քաղաքի մի շարք հատվածներում վաճառվում են տոնածառեր ու տոնական խաղալիքներ, իսկ փողոցներում օր-օրի ավելանում են մրգերի ու տարատեսակ մթերքների վաճառակետերը:
Առաջին հայացքից ամեն ինչ կա ու ամեն ինչ պատրաստ է Նոր Տարին դիմավորելու համար, սակայն ամենակարևորը բացակայում է՝ հասարակության բարձր տրամադրությունը, որն այս օրերին փոխարինվում է մտահոգությամբ, – ասում է կայքի զրուցակից Արմինե Պետրոսյանը:
Ամանորի հայկական ավանդական եղանակը մնում է անփոփոխ: Շատերի համար գուցե և ամանորյա ավանդական սեղանները հոգնեցնող և միօրինակ իրականության են վերածվել, բայց ավանդական սեղաններից խուսափելը շատերին չի հաջողվում: Չնայած այն բանին, որ ամանորն իր հետ բերում է մի շարք ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ Նոր Տարին միշտ էլ եղել է մարդկանց ամենասպասված ու սիրված տոներից մեկը: Արմավիրցիների ամանորն այս տարի մի փոքր կառանձնանա նախորդ տարիներից, քանի որ այս տարի քաղաքը կլուսավորվի տոնական ավելի շքեղ լույսերով: