Ակնհայտ է, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են աչք փակել Ադրբեջանում բռնությունների շարունակման վրա. Amnesty İnternational
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն նախօրեին կալանավորված իրավապաշտպան Անար Մամեդլիի գործով շուտափույթ և արդար դատական գործընթաց: Այս մասին նշված է Amnesty İnternational (AI) իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:
Երեկ Բաքվի դատարանը նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը՝ կապված «ապօրինի ձեռնակատիրություն ծավալելու, իշխանության չարաշահման ու հարկեր վճարելուց խուսափելու» մեղադրանքների հետ:
AI-ի՝ Եվրոպայի ու Ասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը հայտարարել է, որ Անար Մամեդլին բազմաթիվ տարիների ընթացքում հետամուտ է եղել ժողովրդավարական նորմերի ու մարդու իրավունքների պահպանմանը՝ չնայած նրան, որ իշխանությունները մշտապես ճնշում է գործադրել նրա ու նրա գործընկերների վրա՝ փորձելով փակել նրանց բերանը:
Կրիվոշեևն ընդգծել է, որ Մամեդլիին կալանքի տակ առնելն ահազանգ է հանդիսանում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության համար և ուժեղացնում է ինքնագրաքննության ու վախի մթնոլորտը, ինչն աճել է Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարման ժամանակ:
Մամեդլին կալանավորվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի կողմից Ադրբեջան այցելելուց մեկ օր առաջ: Հեյգի ադրբեջանական այցը կապված էր «Շահ Դենիզ 2» նախագծի ներդրումային համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու հետ: Դրա հետ կապված՝ Կրիվոշեեևը հայտարարել է.
«Ակնհայտ է, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են աչք փակել Ադրբեջանում կառավարության քննադատների նկատմամբ բռնությունների շարունակման վրա: Այդ կալանավորումը հանդիսացավ իշխանությունների բռնի միջոցների շարքից հերթականը՝ այլակարծներին հարկադրելու համար լռել»: